Բաժիններ՝

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ձեռք բերված տեղեկությունները փետրվարի 16-ին իրացնելով՝ մայրաքաղաքի Կիևյան փողոցում հայտնաբերեցին ու քրեական ոստիկանություն բերման ենթարկեցին սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա մի տղամարդու։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 13-ին, ժամը 14-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկի փողոցի հարակից գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն էր եղել, որի ընթացքում ինչ-որ մեկը կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենով կրակոցներ էր արձակել «Մերսեդես» մակնիշի երկու մեքենաներում նստած անձանց ուղղությամբ, բայց հանցագործությունն ավարտին չէր հասցրել. նրանց հաջողվել էր մեքենաներով հեռանալ։

«Մերսեդեսները», որոնց վրա կրակոցի հետքեր կային, հայտնաբերվել էին մայրաքաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում։

Իրավապահները նախաքննության ընթացքում տվյալներ էին ստացել, որ կրակոցներ արձակած անձը Երևանի 37-ամյա բնակիչ է։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Մեղադրյալը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս