«Մեղադրանքի տեքստում չկա ստորոգյալ, որի ենթական «Ռոբերտ Քոչարյան» անունը կլինի». Հովհաննես Խուդոյան

Երեկ «Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործով» դատախազները կարդացին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մեղադրական ճառը:

Մեղադրանքը, սակայն, անհասկանալի էր պաշտպանական կողմի համար, և վերջիններս խնդրեցին պարզաբանել այն:

Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ դատարանը չի պարզաբանել մեղադրանքը, այլ պարզապես նորից կարդացել է այն։ Պաշտպանական կողմի համար պարզ չէր՝ երբ նշվում է «Քոչարյանն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով» արտահայտությունը, նախագահի կոնկրետ ո՞ր լիազորության մասին է խոսքը։ Բացի այդ, պարզ չէ՝ նախագահը խոստացե՞լ է անգործություն դրսևորել, պե՞տք է դրսևորեր, թե՞ նրան ինչ-որ գործողություններ են վերագրվում։

«Այսպիսի մեղադրանքը հնարավորություն չի տալիս կազմակերպելու պաշտպանությունը։ Եթե մեղադրանքի մեջ ամեն ինչ բացված լիներ, ապա այն մեկ  օր էլ չէր ապրի․ դրա աբսուրդը կբացահայտվեր հենց հրապարակելու պահին»,- ասաց Ալումյանը։

Իր հերթին՝ պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ եթե դատարանին ներկայացված չէ պարզ մեղադրանք, ապա գործի քննությունը չի կարող շարունակվել, և վարույթը ենթակա է կարճման։

«Մեղադրանքի տեքստի վերլուծությունը ցույց է տալիս, որ այնտեղ հանցակազմի հատկանիշների նկարագիր չկա։ Անհասկանալի է՝ ի՞նչ գործողություն է կատարել պարոն Քոչարյանը»,- ասաց պաշտպանը:

Մեղադրանքն անհասկանալի էր նաև Ռոբերտ Քոչարյանի համար:

«Ի՞նչ եմ արել, ինչը չպետք է անեի, կամ ի՞նչ չեմ արել, ինչը պետք է անեի․ նկարագրված չէ որևէ գործողություն։ Մենք ֆանտաստիկ բան չենք ուզում․ պարզաբանեք՝ ի՞նչ լիազորությունների մասին է խոսքը»,- ասաց 2-րդ նախագահը:

Դատախազներ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը, այնուամենայնիվ, հրաժարվեցին պարզաբանել մեղադրանքը, ինչից հետո, ի նշան բոյկոտի, պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը լքեցին դատական նիստերի դահլիճը:

Դատավոր Աննա Դանիբեկյանի դիտարկմանը, թե դատարանը թույլ չի տալիս նրանց դուրս գալ, Հայկ Ալումյանն արձագանքեց՝ ես թույլտվություն չեմ հարցնում. չե՞ք զգում, որ ես Ձեր թույլտվությանը չեմ սպասում:

Ավելի ուշ տեղեկացանք, որ պաշտպանները տուգանվել են 50 000-ական դրամներով:

168.am-ի հետ զրույցում Հովհաննես Խուդոյանը նշեց՝ իրենց բոյկոտը պատշաճ դատավարություն չապահովվելու դեմ էր, քանի որ մեղադրանքի պարզաբանում այդպես էլ չկատարվեց:

«Ընդ որում, չէր ասվում, որ, օրինակ, այն պարզ է, և մենք ենք չափազանցնում դրա թերությունները, այլ ասում էին, որ պարզաբանվել է: Դատարանը կարծում էր, որ իր կողմից մեղադրական եզրակացության մի մասի ծաղկաքաղ ընթերցումը կարելի է համարել պարզաբանում»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Ըստ նրա՝ իրենք, սակայն, իրենց ելույթով վերացական դատողություններ չեն արել, ոչ էլ թողել են իրենց դաշտում, կոնկրետ կետերով նշել են՝ ինչը պարզ չէ:

«Ամենաառանցքայինն այն է, որ որևէ գործողություն նկարագրված չէ, թե օրինակ, կաշառք ստանալն ինչպե՞ս է դրսևորվել: Ուղղակի այդ տեքստում չկա ստորոգյալ, որի ենթական «Ռոբերտ Քոչարյան» անունը կլինի: Նշվում  են հետևյալ արտահայտությունները՝ «մի խումբ անձինք…», «կրավորական գործողություններ»… Սա ինչ-որ բան ասո՞ւմ է որևէ մեկի…»,- տարակուսեց պաշտպանը:

Վերջինս հույս հայտնեց, որ հաջորդ դատական նիստին, այնուամենայնիվ, իրենք կփորձեն կոնկրետ պատասխաններ ստանալ մեղադրող դատախազներից:

Տեսանյութեր

Լրահոս