Լավրովը Բլինքենի հետ զրույցում ընդգծել է համատեղ աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը
Փետրվարի 15-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ ռուսական կողմը զրույցի ընթացքում ընդգծել է համատեղ աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը՝ ինչպես այդ մասին պայմանավորվել էին նախագահներ Վլադիմիր Պուտինև և Ջո Բայդենը փետրվարի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքում, Մոսկվայի կողմից Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին փոխանցված անվտանգության երաշխիքների մասին առաջարկների համատեքստում:
«Սերգեյ Լավրովը հատկապես ընդգծել է Վաշինգտոնի և իր դաշնակիցների կողմից ագրեսիվ հրահրվող ագրեսիվ հռետորաբանության անթույլատրելիությունը՝ կոչ անելով պրագմատիկ երկխոսություն վարել Ռուսաստանի կողմից բարձրացված հարցերի ողջ շրջանակի շուրջ՝ շեշտը դնելով անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցը», – հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը:
Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ բանակցությունների արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն իրենց պատասխան փաստաթղթերում դրական են արձագանքել անվտանգության հարցերի վերաբերյալ Ռուսաստանի այն առաջարկներին, որոնք երկար ժամանակ մերժում էին:
Արևելյան Եվրոպայում և հատկապես Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանակցություններ էին վարում նախագահների, արտգործնախարարների և ավելի ցածր մակարդակներով՝ հետագա սրացումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հիմնական մտահոգությունը Ռուսաստանի հնարավոր ռազմական հարձակումն է Ուկրաինայի վրա, Մոսկվայի մտահոգությունը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին:
2021 թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ արտգործնախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: Դրանց առանցքային դրույթը իրավական ամրագրումն է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու և դաշինքին Ուկրաինայի անդամակցումը բացառելու: Վաշինգտոնը, սակայն, շեշտում է, որ Ռուսաստանի հիմնական պահանջը՝ հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից, չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժարվել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաղորդեց, որ Ռուսաստանի Դաշնության հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը զորավարժություններից հետո վերադառնում են մշտական տեղակայման վայրեր: