Տավուշի մարզպետը պնդում է՝ իր հետ շրջանցող ճանապարհ կառուցելու մասին հարց չի քննարկվել

Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետևանքով Տավուշում նոր շրջանցող ճանապարհներ են կառուցվելու. այս տեղեկությունը քիչ առաջ տարածվեց մամուլում:

Ըստ հրապարակման՝ 12 կիլոմետրանոց նոր ճանապարհը պետք է մի քանի գյուղեր կապի Բաղանիսին։

168.am-ի հետ զրույցում, սակայն, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն անդրադառնալով այս տեղեկությունների մասին մեր հարցմանը՝ բավարարվեց միայն հակիրճ պարզաբանմամբ. «Նման հարց ինձ հետ չի քննարկվել»:

Հիշեցնենք՝ «Փաստինֆո» լրատվական կայքը մասնավորապես նշել էր. «Մ 16 մայրուղին, ըստ Google քարտեզի, մի քանի հատվածից հատում է Ադրբեջանի սահմանը, իսկ քանի որ Հայաստանի իշխանությունները Google քարտեզով են սահման գծում, նախնական որոշում կա՝ կառուցել մոտ 12 կմ-անոց նոր ճանապարհ։

Չնայած այս պահին հստակ հաստատված նախագիծ ու կառավարության որոշում չկա, սակայն արդեն կապալառու կազմակերպության որոնումների մեջ են։

Նախնական քննարկումների համաձայն՝ այլընտրանքային նոր ճանապարհի շինարարությունը սկսվելու է Ծաղկավանից ու անցնելու է Կիրանցով, Ոսկեպարով՝ հասնելու է դեպի Բաղանիս։ Ոսկեպարը կմնա որպես սահմանամերձ գյուղ, որոշակի տարածքային զիջումներով։ Եթե հավատանք քարտեզին, ապա գլխավոր մայրուղու հատվածը, որն անցնում է Ոսկեպարի մոտով, ամբողջովին անցնելու է Ադրբեջանին, նաև հարակից որոշ տարածություն ևս կհայտնվի սահմանից այն կողմ»։

Տեսանյութեր

Լրահոս