Գտեք տարբերակ՝ բացատրելու համար, թե ինձնից ինչ են ուզում, ինչի մեջ են մեղադրում ինձ. Քոչարյանը՝ դատավորին. «Փաստինֆո»
Մեղադրանքի բովանդակությունն ինձ համար պարզ չէ, գտեք տարբերակ՝ բացատրելու, թե ինձնից ինչ են ուզում, ինչի մեջ են մեղադրում ինձ։ Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատավարությունն արդեն դատաքննության փուլում է։ Մեղադրող դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ռ. Քոչարյանի և Ա. Գևորգյանի պաշտպանները պարզաբանումներ են պահանջել՝ մեղադրական եզրակացության վերաբերյալ՝ նշելով, որ այն պարզ չէ։
Հայկ Ալումյանը հայտարարել է, որ դատախազը հրապարակել է ոչ թե մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, այլ՝ այդ մասի մի մասը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ դատարանը չի պարզաբանել մեղադրանքը, այլ՝ պարզապես նորից կարդացել է այն։
«Այսպիսի մեղադրանքը հնարավորություն չի տալիս կազմակերպելու պաշտպանությունը։ Եթե մեղադրանքի մեջ ամեն ինչ բացված լիներ, ապա այն մեկ էլ օր չէր ապրի․ դրա աբսուրդը կբացահայտվեր հենց հրապարակելու պահին», – ասաց Ալումյանը։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ եթե դատարանին ներկայացված չէ պարզ մեղադրանք, ապա գործի քննությունը չի կարող շարունակվել, և վարույթը ենթակա է կարճման։ «Մեղադրանքի տեքստի վերլուծությունը ցույց է տալիս, որ այնտեղ հանցակազմի հատկանիշների նկարագիր չկա։ Անհասկանալի է՝ ի՞նչ գործողություն է կատարել պարոն Քոչարյանը», – ասաց պաշտպանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով ենթակայի և ստորոգյալի լեզվաբանական կանոնը։
Հովհաննես Խուդոյանը նաև տեղեկացրեց, որ կարճման միջնորդություն է պատրաստվում ներկայացնել, սակայն այդ մասին՝ ավելի ուշ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ իր համար իսկապես մեղադրանքի էությունը հասկանալի չէ։
«Ես իսկապես չեմ հասկանում այս մեղադրանքի էությունը։ Ես վերջապես պե՞տք է հասկանամ՝ ինչ եմ արել, որ չպետք է անեի կամ ինչ պետք է անեի, որ չեմ արել։ Նկարագրված չէ։ Որևէ գործողություն, որի բացատրությունը պետք է տամ հարցաքննության ժամանակ՝ ուղղակի չկա։ Ես պետք է գամ կանգնեմ ամբիոնի մոտ, երբ այդ փուլը գա, ասեմ՝ ինձնից ինչ եք ուզում։ Նկարագրված չէ որևէ գործողություն, որը ես պետք է անեի՝ չեմ արել կամ արել եմ, բայց չպետք է անեի»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով. «Մենք ֆանտաստիկ բան չենք ուզում․ պարզաբանեք՝ ի՞նչ լիազորությունների մասին է խոսքը»։
Այն բանից հետո, երբ նախագահող դատավորը նշեց, որ մեղադրանքը պարզաբանված է, Քոչարյանի պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջեց, որ վերջիններիս նկատմամբ կիրառվի դատական սանկցիա։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։