Հանրային քննարկման է ներկայացվել ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը:

Նախագծի նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ) համապատասխան մասնագետներով ապահովելն է:

2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) տեղերն ըստ մասնագիտությունների նախագծելիս հաշվի են առնվել

  • բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների (ըստ հաստիքացուցակի) թվաքանակը, տարիքային շեմը (65-ից բարձր), սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,
  • բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտահետազոտական ինստիտուտներն իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր,
  • նախկին տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը,
  • մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:

Այսպես՝ 2022-2023 ուսումնական տարում պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին:

Նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից 20-ը (57.14%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին:

Բացի բնական և տեխնիկական գիտություններից՝ անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաև հայագիտության, արվեստի ոլորտներին և հասարակական գիտություններին:

Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ միջպետական համաձայնագրերով նախատեսվում է տրամադրել 24 տեղ:

Այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 2 առկա և 6 հեռակա անվճար ուսուցման տեղեր:

Ըստ նախագծի՝ 2022-2023 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով բուհերի և ԳԱԱ-ի ներկայացրած լրացուցիչ հայտերը, կվերաբաշխի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի:

Շահառու խմբերը մինչև փետրվարի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեսանյութեր

Լրահոս