Բաժիններ՝

«Գարուն ա…» ֆիլմը, որը մարտի 1-ից կբարձրանա մեծ էկրան

Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմը, որը մարտի 1-ից կբարձրանա մեծ էկրան, պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին է՝ պատմում երեք սերունդների աչքերով։ Կինոնկարի թրեյլերն արդեն իսկ հասանելի է համացանցում։

Ֆիլմի գլխավոր դերակատարներից Արմեն Մարգարյանը տպավորված է կատարված աշխատանքով։

«Մարմնավորում եմ Գնելի կերպարը։ Պատմությունը մի ընտանիքի մասին է. գլխավոր կերպարներն են հայրը, որդին և թոռը։ Ֆիլմը ներկայացնում է այս երեքի փոխհարաբերություններն ու անհամաձայնությունները։ Հենց սկզբից, երբ սցենարը կարդացի, շատ տպավորվեցի, դրամատիզմով հագեցած պատմություն է՝ հայրեր և որդիներ դարավոր անհամաձայնությունների ֆոնին։ Իսկապես, հուզիչ պատմություն է։ Իմ կերպարը շատ եմ սիրել, յուրաքանչյուր դերասան շատ կուզենար այսպիսի դեր մարմնավորեր, որքան դերն ունի բարդություններ, հոգեբանական խորություններ, այնքան դերասանի համար մեծ հնարավորություն է ինքնաարտահայտվելու։ Իմ կերպարն այդպիսին է»,-նշում է Արմեն Մարգարյանը։

Նրա խոսքով՝ նման դեր խաղալը հեշտ չէր։ Դերասանից պահանջվում է արտացոլել իր բոլոր հնարավորությունները, ինչը չափազանց հետաքրքիր և հաճելի գործընթաց է։

«Ստեղծագործելու համար շատ լավ մթնոլորտ էր ստեղծված։ Հիանալի ստեղծագործական և դերասանական թիմ էր հավաքվել։ Շատ ուրախ եմ, որ իմ կողքին այս ֆիլմում հանդես են գալիս այնպիսի լավ դերասաններ, ուժեր, ինչպիսիք են Ալեքսանդր Խաչատրյանը, Մարջան Ավետիսյանը և ուրիշներ։ Ուրախ եմ նաև խաղալ Լևոն Հախվերդյանի հետ, ով մարմնավորում է իմ որդուն. երիտասարդ և շատ խոստումնալից դերասան է»,-նշում է Արմեն Մարգարյանը՝ առանձնահատուկ շեշտելով, որ տպավորված է ռեժիսոր Ռոման Մուշեղյանի հետ աշխատանքից։

«Ռոմանի՝ դերասանների հետ աշխատելաոճը և պատկերացումները տվյալ աշխատանքի շուրջ ինձ ուղղակի զարմացրել էին, շատ մանրակրկիտ կարողանում է դերասանների հետ աշխատել։ Մեծ ակնկալիքներ ունեմ այս ֆիլմից։ Նման ֆիլմ նկարելը այդքան էլ հեշտ չէ, մանավանդ՝ նման իրադարձությունների ֆոնին։ Ամբողջ ֆիլմում մենք նշմարում ենք մեր հայրենիքի հետ կապված ապագան լուսավոր տեսնելու մղումը»,-հավելում է դերասանը։

Կինոնկարի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։

Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Խաչատրյանը, Լևոն Հախվերդյանը, Արմեն Մարգարյանը, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյանը, Շանթ Հովհանիսյանը, Ալիս Կապլանջյանը, Վահագն Մարտիրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Նարինե Պետրոսյանը, Թումաջ Դանեշ Բեհզադին և այլք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս