
Լոնդոնը հույս ունի ուկրաինական ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռ հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին փետրվարի 14-ին լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը:
«Մենք լիովին գիտակցում ենք, որ ռուսական ներխուժումը կարող է սկսվել ակնթարթորեն, հետևաբար՝ բրիտանացի քաղաքացիները պետք է լքեն Ուկրաինան, բայց մենք նաև շարունակում ենք դիվանագիտության և դեէսկալացիայի ճանապարհը, ուստի այս շաբաթ վարչապետը և ես մի շարք այցեր կիրականացնենք Եվրոպական երկրներ: Մենք փորձում ենք համոզել ռուսական կողմին դուրս բերել զորքերը սահմանից, քանի որ պատերազմը կլինի կործանարար»,- ասել է Թրասը:
Նա ընդգծել է, որ այն պատժամիջոցները, որոնք Լոնդոնը կսահմանի Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման դեպքում, բացասական ազդեցություն կունենան թե՛ ռուսական օլիգարխների և ընկերությունների, թե՛ ՌԴ սովորական բնակչության վրա: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան և արևմտյան այլ երկրներ շարունակում են այդ դիրքորոշումը փոխանցել Ռուսաստանի ղեկավարությանը։