
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Գիտական ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը` ավելի քան 15 տարի առաջ ինստիտուտի տարածքից առանձնացված և օտարված տարածքում սեփականատիրոջ կողմից կառուցապատում իրականացնելու վերաբերյալ: Գիտնականների կարծիքով` շինարարական աշխատանքների ընթացքում կարող են վնասվել հարևանությամբ գտնվող գիտական կենտրոնների թանկարժեք սարքավորումները, իսկ կառուցապատման ավարտից հետո ռիսկեր կստեղծվեն գիտական ինստիտուտի հետագա բնականոն գործունեության համար:
«Ընդգծելով, որ գիտնականների բարձրացրած խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ պետք է գտնել լուծման այնպիսի տարբերակներ, որոնցում համադրելի կլինեն գիտական կենտրոնի շահերը, սեփականատիրոջ օրինական իրավունքները և պետության առաջնահերթությունները: Ըստ այդմ՝ խնդիրը հարկ է քննարկել գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև քիմիայի գիտական ուղղությունների զարգացման ռազմավարության մշակմանը, այդ ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությանն առնչվող հարցեր: