Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են անցկացրել
Փետրվարի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովն իր վրացի գործընկերոջը հարցրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ կապված երեկ Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետ։
Նա նշել է, որ Ադրբեջանը, անհրաժեշտության դեպքում, միշտ պատրաստ է օգնություն ցուցաբերել բարեկամ Վրաստանին։
Զալկալիանին պատասխանել է, որ երկրաշարժը լուրջ հետևանքներ չի ունեցել:
Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և առաջիկա ամիսներին սպասվող միջոցառումների շուրջ։