Բաժիններ՝

Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի և Աբու Դաբիի համագործակցությունը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Միացյալ Արաբական Էմիրությունների հետ հարաբերությունները կվերականգնվեն։

Էրդողանը ԱՄԷ երկօրյա այցով մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցում ասել է, որ Անկարայի և Աբու Դաբիի համագործակցությունը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։

Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին հասել է 8 միլիարդ դոլարի։

«Իհարկե, այս ցուցանիշը չի բացահայտում երկու երկրների միջև տնտեսական կապերի ներուժը»,- ասել է նա։

Էրդողանը հիշեցրել է, որ վերջին տարիներին թուրք կապալառուները ԱՄԷ-ում ընդհանուր առմամբ իրականացրել են 13 միլիարդ դոլար արժողությամբ 141 ծրագիր։

Նա հավելել է, որ Աբու Դաբիում բանակցությունների օրակարգում ներառված է նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ լարվածության հարցը։

Թուրքիայի նախագահի պաշտոնական այցի ծրագրում նախատեսված է այց Աբու Դաբի և Դուբայ։ Նախատեսվում է ստորագրել 12 փաստաթուղթ։ Նա Դուբայ Էքսպո համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում կմասնակցի Թուրքիայի ազգային օրվա միջոցառումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս