
ՄՕԿ-ը չի պարգևատրի Վալիևային, եթե նա լինի մեդալակիրների շարքում

Միջազգային օլիմպիական կոմիտեն չի պարգևատրի ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևային, եթե վերջինս մրցանակային տեղ զբաղեցնի կանանց մենասահքում: Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի անդամ Կամիլա Վալիևան կմասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին: Սպորտային արբիտրաժային դատարանը թույլատրել է Վալիևային մասնակցել Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին:
Առավել վաղ հայտնի էր դարձել, որ ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևայի դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել: Դեկտեմբերին կայացած Ռուսաստանի առաջնության ժամանակ Վալիևայի տված թեստի պատասխանը դրական է եղել: Նա օգտագործել է 2014 թվականից ի վեր արգելված տրիմետազիոնին, որը օգնում է կարգավորել սրտի աշխատանքը: Ավելի վաղ` հայտնի դարձավ, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները:
Պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպությունը դեռևս իրավական խնդիրներ ունեն: Դոպինգ-թեստը կապվում է գեղասահորդներից մեկի թեստի պատասխանի հետ, որը նա հանձնել էր մինչ Օլիմպիական խաղերը: Փետրվարի 7-ին Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային պայքարում որոշիչ եղան կանանց մենասահքի արդյունքները:
Հավաքելով 178,92 միավոր՝ ռուսաստանցի Կամիլա Վալիևան գրավեց առաջին տեղը: Երկրորդը ճապոնիայից Կաորի Սակամոտոն է, երրորդը` Մադլեն Սկիզասը՝ Կանադայից: Թիմային հաշվարկում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը հավաքեց 74 միավոր և դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ռուսները նման հաջողության ՕԽ-ում հասել էին նաև 2014 թվականի Սոչիի Խաղերում:
Երկրորդ տեղում ԱՄՆ թիմն է, բրոնզին արժանացավ Ճապոնիան: