«Այս իշխանությունների հեռացումը պետք է լինի առաջնահերթ նպատակ, բայց ոչ ամեն գնով». Բագրատ Եսայան

Լրատվամիջոցներին միավորող գաղափարի հիմքում կա մի բան. մենք ունենք որոշակի կարմիր գծեր: Դիմացը կանգնածները փորձում են օրենքով արգելել մեզ մեր աշխատանքն անել՝ լուսաբանել իրենց խայտառակ արարքները, գործողությունները, կոռուպցիոն գործարքները, դրանք որակել՝ որպես զրպարտություն, քրեականացնել և խայտառակ մեծության տուգանքներ սահմանել:

Այս մասին «Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ներկայացուցիչ, «Երկիր Մեդիա» հ/ը քաղաքական-ինֆորմացիոն հաղորդումների տնօրեն Բագրատ Եսայանը:

«Շատ դժվար է, երբ դու ունես գործունեության սահմաններ, և քո հակառակորդը որևէ սահման չի ճանաչում: Այնուամենայնիվ, ճշմարտությունը հասարակությանը հասցնելու այն առաքելությունը, որ լրատվական դաշտն ունի, իրականացնում ենք՝ կանոններին ենթարկվելով: Մենք իրենց նման անչափ անբարոյական չենք, որ, օրինակ, ֆեյքերի ֆաբրիկան գրի, որ ես ու Գեղամ Մանուկյանն իրար ծեծել ենք: Այսինքն՝ անսահման անբարոյական պիտի լինես, որ նման բան գրես»,- ասաց Բագրատ Եսայանը:

Ըստ նրա՝ այս իշխանությունների հեռացումը պետք է լինի առաջնահերթ նպատակ, բայց ոչ ամեն գնով:

«Անբարոյական մեթոդով բարոյական խնդիր լուծելն անհնար է: Սրանք անբարոյական մեթոդով բարոյական խնդիր լուծեցին, բայց եթե իրենք հասարակությանն ուղիղ բարոյազրկման ճանապարհին են կանգնեցրել, մենք չենք մտնի էդ խաղի մեջ: Եթե մենք իրենց գործիքով իրենց դեմ պայքարենք, մենք հասարակությանը չենք կարողանալու կրթենք: Եթե մենք էլ մեզ հավատացող հասարակությանը բարոյազրկենք, սուտը ներկայացնենք՝ որպես ճիշտ, ոչ մի տեղ չենք հասնելու»,- ասաց Բագրատ Եսայանը՝ հավելելով, որ լրատվամիջոցների խնդիրը համարում է նաև այս հասարակության գիտակցության բարձրացումը:

Վերջինս կարծում է՝ քաղաքացուն դաստիարակելը չի դրվել մեր որևէ իշխանության, 3 նախագահներից որևէ մեկի օրոք չի դրվել առաջնահերթությունների շարքում:

«Դրա համար մենք ունեինք հասարակություն, ունեինք ազգաբնակչություն, բայց չունեինք քաղաքացիներ: Իսկ սրանք ի՞նչ արեցին… Դրսի փողերով սնվող, դրսի արժեքներին դավանող, Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությունները կործանող մարդկանց մի խմբակցություն առաջացրեցին հասարակության մեջ, որոնք ամեն կերպ բարոյազրկեցին մեր հասարակությանը: Մենք չունենք բարոյական որևէ արժեք»,- եզրափակեց Բագրատ Եսայանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս