«Այս պահին ունենք 165 հետցնցում, ամենաուժեղը՝ 3 մագնիտուդով»․ Սոս Մարգարյան
Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրեն Սոս Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ երեկոյան գրանցված երկրաշարժին և հետցնցումներին, տեղեկացրեց, որ մասնագիտական խմբերն այսօր գտնվում են մարզերում և մակրոսեյսմիկ հետազոտություններ են իրականացնում, որի նպատակն է՝ պարզել երկրաշարժի հնարավոր ազդեցությունների ուսումնասիրությունը։
«Մակրոսեյսմիկ հետազոտության նպատակներից մեկը նաև այն է, թե փլուզումներն ինչ պատճառով են առաջացել, որովհետև փլուզումները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, ենթադրենք՝ շատ հին որևէ կառույց, եթե մի քանի քար է թափվել, դա դեռ չի նշանակում, որ փլուզում է․․․»,- ասաց Սոս Մարգարյանը։
Հարցին՝ ուղիղ 1 տարի առաջ ևս ուժգին երկրաշարժ գրանցվեց, որն ուղեկցվեց նաև հետցնցումներով, արդյո՞ք դեռ հետցնցումներ կլինեն, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրենը պատասխանեց, որ այս անգամ ևս հետցնցումներ գրանցվել են․
«Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է, հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժերին։ 5.2 մագնիտուդը համարվում է չափավոր ուժեղ, և շատ հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները տևեն մի փոքր ավելի․․․»։