Բաժիններ՝

Թուրքմենստանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը

Փետրվարի 14-ից Թուրքմենստանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը եւ դրա առաջին փուլը՝ թեկնածուների առաջադրումը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Թուրքմենստանի ընտրական օրենսգրքին համապատասխան, թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքական կուսակցություններին, որոնք գրանցվել են մինչեւ ընտրությունների նշանակման օրը, ինչպես նաեւ քաղաքացիների խմբերին: Քաղաքական կուսակցությունները նախագահի թեկնածուներին առաջադրում են իրենց համագումարներում:

Թուրքմենստանում գործում են երեք քաղաքական կուսակցություններ՝ Թուրքմենստանի դեմոկրատական կուսակցությունը, Թուրքմենստանի ագրարային կուսակցությունը եւ Թուրքմենստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի կուսակցությունը:

Քաղաքացիների խմբերի կողմից Թուրքմենստանի նախագահի թեկնածու առաջադրելիս նա պետք է աջակցություն ստացած լինի ընտրողների առնվազն 10 հազար ստորագրություններով: Թուրքմենստանի նախագահ կարող է ընտրվել երկրի այն քաղաքացին, որը ծնվել է Թուրքմենստանում, քառասուն տարին լրացած լինի, տիրապետի պետական լեզվին, նախորդ տասնհինգ տարիներին մշտապես ապրած եւ աշխատած լինի երկրում:

Թուրքմենստանի նախագահն ընտրվում է անմիջապես երկրի ժողովրդի կողմից՝ յոթ տարի ժամկետով եւ պաշտոնն ստանձնում է երդմնակալության պահից: Վերջին անգամ Թուրքմենստանի նախագահի ընտրություններն անցկացվել են 2017 թվականին: Այն ժամանակ երկրի բարձրագույն պետական պաշտոնին հավակնում էին ութ թեկնածուներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս