
Մահացել է Կարպիս Շամլյանը

82 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Կարպիս Շամլյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից։
Կարպիս Շամլյանը ծնվել է Ալեքսանդրիայում։ 1947 թվականին հայրենդարձել է, բնակվել է Լենինականում, այնուհետև հրավիրվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա՝ առանց քննությունների։ Ուսմանը զուգահեռ նկարահանվել է «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ» (1961 թ.), «Գիշերվա ժամադրություն» (1961 թ.) և այլ ֆիլմերում։ 1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցը։ 1964 թվականից հանդես է եկել Լենինականի պետական թատրոնում 1971 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան էր։ 2008թ․-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, ՀԹԳՄ ոսկե մեդալի է արժանացել 2012 և 2015 թ․-ին, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ է ստացել 2015 թ.-ին։