«Երբ հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն չի հնազանդվում իշխանությանը, նրա քիմքին հաճելի որոշումներ չի կայացնում՝ թիրախավորվեց». Ռուբեն Վարդազարյան
ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում դատական համակարգի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցեց և պատգամավորների հարցերին պատասխանեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները 2021 թվականի ապրիլից կասեցված են։
Հիշեցնելով դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ կարգապահական վարույթի հարուցումը, Արամ Վարդևանյանը նշեց, որ պաշտոնատար անձինք, իշխանական պատգամավորները կատեգորիկ գնահատականներ էին տալիս դատավորի իբրև թե ոչ հարիր արարքին։
«Այն ժամանակ, երբ դուք էիք ԲԴԽ նախագահ, ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթը»,- նշեց Արամ Վարդևանյանը։
Ռուբեն Վարդազարյանն էլ թեմայի առնչությամբ ասաց, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը մերժվեց, քանի որ ԲԴԽ բոլոր դատավորները դեմ էին քվեարկել։
«Այդ օրվանից սկսած, երբ պարզ դարձավ, որ ԲԴԽ-ն չի հնազանդվում և չի կայացնում իշխանության քիմքին հաճելի որոշումներ, այդ օրվանից թիրախավորվեց։ Կատարեցին օրենսդրական փոփոխությունները, երբ դատավորին լիազորություններից զրկելու համար 7 ձայների փոխարեն անհրաժեշտ եղավ 6 ձայն։ Սա իմ ասածի տրամաբանական շարունակությունն է»,- եզրափակեց Ռուբեն Վարդազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում