«Կրակոցների հետևանքով վնասներ է կրել Կարմիր Շուկայի տներից մեկը, կրակել են ուղիղ պատուհանին»․ Թաղավարդի գյուղապետ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր տեղեկացրել էր, որ փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։
168.am–ի հետ զրույցում Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն ասաց, որ կրակոցների հետևանքով վնասներ է կրել Կարմիր Շուկայի տներից մեկը, կրակել են ուղիղ պատուհանին։
«Մեկ շաբաթ էր՝ թշնամին ձայնը կտրել էր, այսօր խախտեց, սկսեց կրակել։ Հիմա Թաղավարդում իրավիճակը նորմալ է»,- նշեց Օլեգ Հարությունյանը։
Այլ մանրամասներ գյուղապետը չասաց։
Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը բաժանվել է երկու մասի, գյուղի մի հատվածը մնացել է Ադրբեջանի զինվորների հսկողության տակ, մյուս հատվածը՝ հայկական։ Գյուղի գերեզմանոցը մնացել է այն հատվածում, որի վերահսկողությունն անցել է ադրբեջանցիներին։