Կալիֆորնիայի Սենատն ընդունել է Սյունիքի մարզի հետ համագործակցություն հաստատելու մասին բանաձև

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատն ընդունել է Հայաստանի Սյունիքի մարզի հետ քույր-նահանգ/մարզ համագործակցություն հաստատելու մասին բանաձև:

Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Բանաձևով Կալիֆորնիան համերաշխություն է հայտնում Հայաստանի հարավային մարզին՝ Սյունիքին:

Այն կնպաստի երկու վարչական միավորների կրթական, տնտեսական և մշակութային փոխշահավետ համագործակցությանը: Նշվում է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները կապված են պատմական, ժողովրդավարության, ազատության և բարգավաճման ընդհանուր արժեքներով, և այս բանաձևի ընդունումը վերահաստատում է այդ փաստը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը ողջունել ու բարձր է գնահատել բանաձևը հեղինակած, Կալիֆորնիայի Ասամբլեայի անդամ Քրիս Հոլդենի ջանքերը փաստաթղթի ընդունման ուղղությամբ:

«Այսպիսի ճգնաժամային պահին, երբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից եկող լուրջ սպառնալիքների համատեքստում Սյունիքի ինքնիշխանությունը մեծ վտանգի տակ է, Կալիֆորնիայի նահանգի այս համարձակ քայլը համերաշխության դրսևորում է, որն իր հերթին կամրապնդի Հայաստանի ժողովրդի վճռականությունը՝ ամուր կանգնելու տարածաշրջանում ադրբեջանական և թուրքական ագրեսիվ դերակատարներից եկող շարունակական սպառնալիքների դեմ »,-ասել է Նորա Հովսեփյանը:

Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի ներկայացուցիչ Քրիս Հոլդենը նշել է, որ Սյունիք մարզի հետ հարաբերությունների ամրապնդումն արվում է այն ժամանակ, երբ տարածաշրջանային ուժերը՝ Ադրբեջանը և Թուրքիան, վտանգ են ներկայացնում մարզի գոյությանն ու կենսապահովմանը:

«Այս բանաձևը վերահաստատում է Կալիֆոռնիայի համերաշխությունը Հայաստանի և մեր 1 միլիոնանոց ուժեղ հայ համայնքի հետ։ Այսօր մենք երկարատև կապեր ենք ստեղծում ավելի լավ վաղվա օրվա համար»,-նշել է նա:

Քրիս Հոլդենի հեղինակած Կալիֆոռնիայի նահանգի և Սյունիքի մարզի միջև քույր-նահանգ/մարզ համագործակցություն հաստատելու վերաբերյալ բանաձևը 2021թ․ սեպտեմբերի 2-ին հաստատվել էր Կալիֆոռնիայի Ասամբլեայում:

Տեսանյութեր

Լրահոս