Ինչո՞ւ է Արթուր Մանուկյանի հայտարարագրում շարունակում «աներեր» մնալ 3 մլն 803․657 ԱՄՆ դոլարի մասին տեղեկությունը

Շաբաթներ առաջ 168.amանդրադարձել էր լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, ըստ որի՝ ՀՌԱՀ նորընտիր անդամ, նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանը հայտարարագրում բանկային հաշվին 2020 թվականի տարեսկզբին ունեցել է 3 մլն 803․657.00 ԱՄՆ դոլար, որը տարեվերջին ամբողջությամբ հանել է՝ թողնելով 76 ԱՄՆ դոլար:

Նշել էինք նաև, որ որպես եկամտի աղբյուր՝ նշված է ԱԺ-ն, որից այդ տարում Ա. Մանուկյանը ստացել էր 8 միլիոն ՀՀ դրամ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ 2 միլիոն դրամ, և ևս երեք հաստատություն, որոնցից ստացված ընդհանուր գումարը կազմում է 200.000 դրամ:

168.am-ի հետ զրույցում Արթուր Մանուկյանը հերքել էր «Հայտարարագրերի ռեեստրում» տեղ գտած տեղեկությունը՝ նկատելով. «Ես էլ Ձեզ պես հարց եմ տալիս՝ որտեղի՞ց կարող եմ ես 4 միլիոն դոլար փող ունենալ»:

Ի պատասխան ճշգրտմանը, թե չի՞ փորձել արդյոք պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, նա նշել էր, որ նախկին օգնականին խնդրել է զբաղվել այդ հարցով:

Շաբաթներ անց, սակայն, նախկին պատգամավորի հայտարարագրում շարունակում է «աներեր» մնալ 3 մլն 803․657.00 ԱՄՆ դոլարի մասին տեղեկությունը:

168.am-ը կրկին կապ հաստատեց Արթուր Մանուկյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչո՞ւ է դրամական միջոցի մասին հերքվող տեղեկությունը դեռևս պահպանվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական էջում:

«Ես նույն օրն ուղարկել եմ: Մոտ երեք-չորս օր առաջ ինձ նամակ է եկել, որ իմ խնդրանքն այն մասին, որ փոփոխություններ արվեն, կքննարկեն ու ինձ տեղյակ կպահեն: Ես էլ գրել եմ՝ շնորհակալություն»,- ի պատասխան՝ պարզաբանեց Արթուր Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս