Բաժիններ՝

Վերելակը «Արտադրական վտանգավոր օբյեկտների» ցանկում գրանցելու համար բնակիչներից 400.000 դրամ են պահանջել, հակառակ դեպքում կվճարեն նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով

Երևանի Հովսեփ Էմին փողոցի 83 շենքի բնակիչ Յուրիկ Հախնազարյանը, ով իր բնակարանը կառուցապատողից ձեռք է բերել 2012թ. դեկտեմբերին, իր դժգոհությունն է հայտնում ԱԻՆ աշխատանքից:

«2021 թվականի փետրվարին ոմն Լևոն իմ տան դռան զանգը տալով՝ ներկայացավ որպես ԱԻՆ-ի տեսուչ և տեղեկացրեց, որ մեր շենքի վերելակը չի գրանցվել ԱԻՆ-ի «Արտադրական վտանգավոր օբյեկտների» ցանկում, և պահանջեց 400.000 դրամ՝ գրանցման գործերը կատարելու համար: Հարց ուղղեցի՝ մի՞թե հնարավոր է՝ առանց ԱԻՆ-ի կողմից ստուգման և գրանցման այն շահագործման հանձնվի, պատասխանեց՝ այո, քանի որ դա ԱԻՆ-ի նախկին տեսուչի բացթողումն է, և հիմա պետք է մենք վճարենք դրա համար, իսկ եթե հրաժարվենք՝ ըստ օրենքի կպարտավորվենք վճարել մեր նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը, և սպառնաց, որ վերելակը կփակի: Իմ և մեր մյուս հարևանի պնդումներին, որ մեզ տրամադրի նախկին տեսուչի անունը և համապատասխան պաշտոնյաների տվյալները՝ հրաժարվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Յուրիկ Հախնազարյանը:

Նա տեղեկացրեց, որ դիմել է նաև ԱԻՆ-ի Արտադրական վտանգավոր օբյեկտների բաժին, որտեղից պնդել են, որ նախկինում այդ օրենքը չէր գործում, իսկ հիմա գործում է, և բոլորը պետք է վճարեն:

«Իրենց համար վճարելն ավելի կարևոր էր, քան յուրաքանչյուր քաղաքացու կյանքը: 2021թ. հոկտեմբերին դիմեցի Դատախազություն և հաղորդում տվեցի հանցագործության մասին, որը կատարվել է ԱԻՆ-ի կողմից:

Նրանք շատ շուտ ընթացք տվեցին գործին և տվյալներն ուղարկեցին Ոստիկանություն, և նույն ցուցմունքը տվեցի ԱԻՆ-ի դեմ: ԱԻՆ-ից հայտնեցին, որ 2018թ. հունիսի 11-ի ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ՀՀ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչությունը:

Ըստ Տեխնիկական անվտանգության ապահովման օրենքի գլուխ 2–ի Հոդված 6. 1. 3-րդ կետի՝ վերելակները բազմաբնակարան շենքերում դասվում են վտանգավոր սարքերի և ենթարկվում պարտադիր ստուգման՝ շահագործման հանձնելուց առաջ»,- նշեց քաղաքացին:

Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք նաև Արտակարգ իրավիճակների նախարարություն. խոստացան ուսումնասիրել և մանրամասներ ներկայացնել ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս