Նոյեմբերի 7-ին ոստիկանության զորքերի չորս տասնյակ ծառայողներ զոհվեցին Շուշիի մատույցներում… նրանց մեջ էր նաև Լյովա Գալստյանը
Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի կյանքը տված ոստիկաններից է ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Լյովա Գալստյանը։
Լյովա Գալստյանը ծնվել է 1998 թվականին, Արտաշատում։ Ավարտել էր դպրոցն ու 2016-2018 թվականներին ծառայել բանակում՝ Հադրութում։ 2019 թվականից ոստիկանության համակարգում էր. ոստիկանության զորքերում հրաձիգ էր։
22-ամյա շարքայինը, չնայած երիտասարդ տարիքին, բանակում հասցրել էր Արցախի սահմանին մարտական հերթապահություն իրականացնել, մասնակցել էր թշնամու դիվերսիոն խմբի վնասազերծման գործողություններին, իսկ ոստիկանությունում հասարակական կարգի պահպանությանը զուգահեռ նաև ոստիկանական զորախմբի կազմով մարտական հերթապահություն էր իրականացրել Տավուշի սահմանային դիրքերում։
2020 թվականի սեպտեմբերի 29-ին զորախմբի հետ մեկնեց Արցախ՝ Քարվաճառի շրջան։ Շուրջ մեկ ամիս մասնակցում էին Քարվաճառի պաշտպանական մարտերին։
Հոկտեմբերի 29-ին մի քանի օրով եկավ տուն, իսկ նոյեմբերի 2-ին կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ վտանգված էր Շուշին։ Թշնամին մեծ գրոհ էր նախապատրաստում։
Ոստիկանության զորքերի զորախմբի կազմով, գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ, նոյեմբերի 4-ից Լյովա Գալստյանը մասնակցեց Շուշիի պաշտպանական մարտերին։
Մարտերն ամեն օր ավելի էին ահագնանում։ Լյովան ու ծառայակիցները կռվում էին անձնուրաց ու վճռական։
Շուտով ոստիկանական զորախումբն ընկնում է թշնամու շրջափակման մեջ։ Օղակը սեղմվում էր, բայց ոստիկանները կռվում էին ու պայքարում, որ թշնամին չմտնի Շուշի։
Նոյեմբերի 7-ին ոստիկանության զորքերի չորս տասնյակ ծառայողներ զոհվեցին Շուշիի մատույցներում՝ կռվելով մինչև վերջին շունչը։ Նրանց մեջ էր նաև Լյովա Գալստյանը։
Արցախի և Հայաստանի մարտական դիրքերում հերթապահած, թշնամու դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության և Քարվաճառի ու Շուշիի պաշտպանական մարտերի մասնակից, ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Լյովա Գալստյանը Արցախի նախագահի և ՀՀ ոստիկանության պետի հրամաններով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Մարտական զորակցություն» մեդալներով։