Ինչո՞ւ էր Հովհաննես Քաջազնունին ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն ամերիկացի զինվորականներ

1918-1919 թվականների ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը գտնվում էր շատ ծանր վիճակում։ Դա էր փաստում պետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ով իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում ներկայացնում է պետության կազմավորման և զարգացման բարդ ու պատասխանատու ընթացքը։ Արդեն իսկ նախորդ համարում մենք ներկայացրեցինք Քաջազնունու բացառիկ հուշերն ու տեղեկությունները, թե ինչպիսի պայմաններում էր գոյատևում պետությունը և ազգը։

Քաջազնունին իր գրքում ներկայացնում է նաև, որ Հայաստանը օգնության է սպասում քաղաքակիրթ երկրներից։ Հետաքրքրական է, որ առաջին հերթին Քաջազնունին շեշտում է Ամերիկայի Միացյալ Նահանգների անունը և առաջին հերթին հենց օգնություն ակնկալում է ԱՄՆ-ից.

«Հայաստանը սպասում է այդ օգնութիւնը քաղաքակիրթ պետութիւնից եւ ամէնից առաջ` Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգների մեծ դեմոկրատիայից ու նրա կառավարութիւնից, որ արդէն այնքան փայլուն ապացոյցներ են տուել իրանց բարձր բարեացակամութեանը հայ ցեղի հանդէպ։

Անհրաժեշտ է առաջին հերթին ճանաչել փաստօրէն գոյութիւն ունեցող Հանրապետութիւնը եւ նրա կառավարութիւնը, անհրաժեշտ է ստեղծել միջազգային իրաւական դրութիւն այդ Հանրապետութեան համար։ Դա անհրաժեշտ է անել առանց մի օր ուշացնելու, որպէսզի Հայաստանի կառավարութիւնը` ժողովուրդը սովամահից փրկելու եւ երկրի աւերուած տնտեսութիւնը վերականգնեցնելու համար` հնարաւորութիւն ունենայ արտաքին փոխառնութիւն անելու։

Ապա անհրաժեշտ է մտցնել Հայաստան մի փոքրաթիւ բանակ Միացեալ Նահանգների դրօշակի տակ։ Դա անհրաժեշտ է Հանրապետութեան սահմանների վրայ խաղաղութիւնը վերականգնեցնելու եւ նորանոր արիւնահեղութիւնների առաջը առնելու համար, անհրաժեշտ է այդ նաեւ երկաթուղային հաղորդակցութիւնները ապահովելու համար։

Զուգընթացաբար հարկաւոր է. ա) օգնել Հայաստանի կառավարութեանը մի համեստ գումարի արտաքին փոխառնութիւն կնքել երկրի անյետաձգելի պէտքի համար եւ բ) նիւթապէս ապահովել հայկական բանակի պահպանումը մէկ կամ երկու տարի ժամկետով։

Այս է այն անմիջական օգնութիւնը, որ սպասում է Հանրապետութիւնը Միացեալ Նահանգներից։

Մնում է մի խոշոր հարց։ Հայաստանի ամբողջացումը, ներկայ Հանրապետութեան եւ նախկին Թիւրքահայ վիլայէթների միացումը մի ընդհանուր պետական կազմի մէջ։ Այս հարցը դրուած է իր ամբողջութեամբ խաղաղութեան կոնգրէսի առաջ եւ ամբողջ հայ ազգը սրտատրոփ` լի յոյսերով ու հաւատով, սպասում է Միացեալ Նահանգների հեղինակաւոր խօսքին, հաստատ գիտենալով, որ այդ բարեացակամ խօսքը ամենամեծ գրաւականը պիտի լինի հարցի բարեյաջող լուծման»։ (Հատվածը վերցված է Հովհաննես Քաջազնունու «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 29-30):

Պետք է նշել, որ շարադրված ակնկալիքներից զատ, Քաջազնունին Առաջին Հանրապետության ողջ ընթացքում իր հայանպաստ գործունեությամբ մեծ աշխատանք է կատարել Հանրապետության զարգացման համար։ Մասնավորապես նա իր արտասահմանյան շրջագայությունների ժամանակ հանդիպում է հայ և օտարազգի հայտնի, մեծահարուստ մարդկանց հետ և հանդիպումների արդյունքում կարողանում է առավելագույնը քաղել պետության համար։ Նա կարողանում է կազմակերպել տնտեսական օգնություն, որն այդ բարդ ժամանակաշրջանում օդի ու ջրի նման հարկավոր էր պետությանը։ Ցավալիորեն պետք է նշել, որ Քաջազնունու կատարած այդ աշխատանքի մասին հաշվետվություններ գրեթե չկան պահպանված։

Պետք է ընդգծել միայն, որ Քաջազնունու գրքի վերոնշյալ հրատարակության նախաբանից տեղեկանում ենք, որ քաղաքական գործիչը Փարիզում գտնված ժամանակ Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության անունից պայմանագիր է ստորագրել «Չիկագոյի ինտերնացիոնալ ընկերության» ներկայացուցիչների հետ։ Պայմանագրով նախատեսված էր, որ ընկերությունը պարտավորվում է մինչև 50 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ մատակարարել Առաջին Հանրապետության կառավարությանը։ Սա Քաջազնունու կատարած ահռելի աշխատանքի միայն մի փաստն է, որով արդեն իսկ երևում է, որ ժամանակին պետության ղեկավարների համար ամեն ինչից վեր ազգային շահն էր ու պետության հզորությունը։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս