30 տարի առաջ Պրահայում Թուրքիայի արտգործնախարարն առաջ քաշեց 3 նախապայման, դրանից սկսվեց նախապայմանների պատմությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասաց, որ այսօր միայն «ձեռքի հետ» են խոսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայ դատի և մի շարք այլ կարևոր հարցերի մասին։

«Դե, Հայաստանի գործող վարչապետը ձեռքի հետ ասել է, թե այդ սահմանները որոշվել են Խորհրդային Միության ժամանակ, այդ խոսքը մինչև այսօր մնացել է։ Այսօրվա իրավիճակը՝ 5000-ից ավելի զոհեր, խեղված ճակատագրեր, կորուսյալ հայրենիք, որն ապրել ենք, կարծես թե հին պատմություն է արդեն, բայց սա հայրենազրկման մեր պատմության շարունակությունն է։

Հիմա չենք ուզում, որ դրա շարունակությունը որևէ սերունդ սրանից հետո տեսնի։ Չպետք է մոռանանք, որ սա առաջին հերթին ոսոխի պատասխանատվությունն է։ Այո, կա 25 տարվա պատասխանատվություն, բայց ամենաշատը վերջին տարիներին է։ Սա հող չէր, սա մեր 3-4 հազար տարվա հայրենիքի կորուստն է, սա մի ամբողջ քաղաքակրթության սպանություն էր, և որևէ արձանագրություն, բանաձև չի կարող հատուցել այն, ինչը մենք կորցրեցինք 1,5 տարի առաջ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա, երբ խոսքը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, հայկական կողմը պետք է հասկանա, որ այդ ամենն իր համար գոյաբանական, ազգային անվտանգության հարց է, ոչ թե՝ հայրենասիրական ու ռոմանտիկ հարց։

«30 տարի  առաջ ես՝ որպես արտաքին գործերի նախարար, գնացի Պրահա, ՀՀ պետական քաղաքականությունն այն էր, որ չնայած հայրենազրկմանը, մենք ցանկանում էինք այդ դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատել առանց նախապայմանների։ Այնտեղ մեզ պետք է ընդունեին բաց թևերով, պետք է ողջունեին, և մենք պետք է մտնեինք մի ընտանիք ոտնկայս ծափահարություններով։ Իմ կողքին նստած էր ԱՄՆ արտգործնախարարը, իսկ դիմացս՝ Թուրքիայի արտգործնախարարը։ Երբ այդ բազմակողմ ֆորումի օրակարգը հասավ մեր անդամակցությանը, Թուրքիայի արտգործնախարարը ձայն խնդրեց և երեք նախապայման ներկայացրեց մեր անդամակցությանը, դրանից սկսվեց Թուրքիայի նախապայմանների պատմությունը։

Առաջինը՝ Հայաստանը պետք է ընդուներ Կարսի պայմանագիրը, երկրորդը՝ Հայոց ցեղասպանության հարցի դուրս բերումը, և երրորդ՝ ահաբեկչության դատապարտումը։ Արցախի հարցը հետո պետք է ավելացվեր՝ որպես նախապայման»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս ամենն իր համար անակնկալ էր, և ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարի առաջ քաշած նախապայմանների՝ ասել է, որ եթե Թուրքիան ցանկանում է պատմական էքսկուրս կատարել, բացել, վերհանել փաստերը, ապա Հայաստանը պատրաստ է Հայոց ցեղասպանության խնդիրը, որը քաղաքական ահաբեկչության տեսակն է, քննության առանել։

«Մենք մեր մոտեցումների հետ պետք է ունենանք հավասարություն, կա՛մ պետք է գնանք առանց նախապայմանների, նոտաներ փոխանակենք, ինչպես անում էինք 30 տարի առաջ, իրար մայրաքաղաքներում բացենք դեսպանատներ, կա՛մ հյուպատոսարաններ»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս