Իլոն Մասկը սոցցանցերում արգելափակել է իրենից գումար խնդրող երկրպագուին
Ֆլորիդացի 19-ամյա ուսանող Ջեք Սվինին գումար է խնդրել Tesla-ի և SpaceX-ի ղեկավար, գյուտարար Իլոն Մասկից, ինչից հետո վերջինս սոցցանցերում արգելափակել է նրան։
Պարզվում է՝ Սվինին Twitter-ում օգտահաշիվ է ստեղծել, որտեղ բոտի միջոցով հետևում է Իլոն Մասկի անձնական ինքնաթիռի տեղաշարժը, իսկ «հետախուզումը» դադարեցնելու խնդրանքին ի պատասխան՝ Սվինին Մասկից 50.000 դոլար է խնդրել։
«Ես SpaceX-ի և Tesla-ի երկրպագու եմ, ուստի գիտեի, որ նա ինքնաթիռ ուներ: Կարծում էի, որ բոտը կօգնի ինձ հասկանալ, թե նա (Մասկը) ուր է գնում և ինչ է անում»,– Bloomberg-ին ասել է Սվինին:
Նրա խոսքով՝ 2021 թվականի աշնանը Մասկն անձամբ է կապվել իր հետ և խնդրել փակել օգտահաշիվը 5000 դոլարի դիմաց՝ վախենալով իր անվտանգության համար։ Սվինին, սակայն, խնդրել է 50.000 դոլար, որը նա ցանկանում էր ծախսել քոլեջում կրթության կամ Tesla Model 3 մեքենայի վրա, ինչի արդյունքում Մասկը կիրակի արգելափակել է երիտասարդին բոլոր սոցիալական հարթակներում։
Սվինին չի հուսահատվում: Համոզված է, որ Մասկը դեռ կվերադառնա բանակցություններին։ Բացի այդ, ուսանողը նաև բացել է իր սեփական բիզնեսը՝ հետևելու այլ հայտնի գործիչների, այդ թվում՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի ինքնաթիռներին։
«Թռիչքների հետևող ընկերությունները տարեկան միլիոններ են աշխատում: Ես ուրախ կլինեի, եթե կարողանայի ստանալ նրանց եկամտի գոնե մի փոքր մասը», – ասել է Սվինին: