«Ռևանշը եղել է. որ մեկի տակը փորում ես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ցինիկ դեմքն է դուրս գալիս». Տիգրան Քոչարյան

«Իշխանությունները ոչ մի որոշում չեն կայացնում, որևէ բան իրենցից կախված չէ: Եթե այստեղ ոստիկանական ռեժիմ է, կարող են մարդկանց ժամանակավորապես կալանավորել, փող գռփել, դա ժամանակավոր է, բայց իրենք՝ որպես մենեջեր, կարող չեն: Իրենց տեղը որոշումներն ընդունում են, իրենք էլ դրանք հաստատում են»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար նա հայտնի անեկդոտը պրոյեկտեց գործող իշխանությունների վրա. «Ասում է՝ վարչապետ, նախագահ, խոսնակ՝ ո՞րն է ՔՊ-ինը: Պատասխան՝ ոչ մեկը, բոլորը Գռզոյինն են: Երեք գլխավոր պաշտոնները, այսպես թե այնպես, առնչություն ունեն Հայաստանի թիվ մեկ օլիգարխի հետ, և նրա կարծիքն է ամենակարևորը: Տեսեք՝ նախագահի պաշտոնում առաջարկվում է մի մարդ, որը ոչ մի բան է, միակ առավելությունն այն է, որ աշխատել է Խաչատուր Սուքիասյանի կառույցներում և հլու-հնազանդ անելու է այն, ինչ իրեն ասելու է Խաչատուր Սուքիասյանը:

Նույն խոսքը կարելի է ասել ԺՊ-ների մասին: Իրականում նախկիններն են եկել իշխանության՝ հիմնադիր նախկինները, կոռուպցիայի, թալանի հիմնադիրներն են հիմա իշխանության, ուղղակի առաջ են բրթել երիտասարդ ՔՊ-ականներին, որոնց մեջքի հետևում կանգնած է հին, ծանոթ ՀՀՇ-ն՝ իր առաջնորդներով և գործիչներով: Բոլոր ոլորտներում բոլոր պաշտոններին նստած են Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները»:

Դիտարկմանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվ քննադատում է Նիկոլ Փաշինյանին, և ՀԱԿ-ից իշխանություններին միացածների քայլն Առաջին նախագահը առնետավազք է բնորոշել, նա այսպես արձագանքեց.

«Դա առնետավազք կլիներ, եթե ինքը բարձրաձայն հրաժարվեր այդ մարդկանցից: Ես հիմա կթվարկեմ մի քանի հոգու, և կտեսնեք՝ ինչ խայտառակ վիճակ է, ամբողջովին ՀՀՇ-ի ռևանշ է: Մարդիկ խոսում են, որ ռևանշ չի լինելու, բայց իրականում ռևանշ եղել է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ անում է, զուտ ձևականություն է, որովհետև նրա բոլոր հայտարարությունները եթե դուք տեսնեք, մեջը մի կարմիր գիծ է անցնում, որ՝ ինչքան վատն է Ռոբերտ Քոչարյանը:

Ամբողջ ֆինանսական ոլորտը, բիզնես ոլորտը հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին, ռազմական ոլորտը՝ Անդրանիկ Քոչարյանին: ԿԳՄՍ-ն՝ Բաբկեն Արարքցյանի մոտ ընկերոջը, Արարքցյանի փեսան ԿԲ նախագահն է, Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարար էր, Գագիկ Ջհանգիրյանին տրվել է դատական ոլորտը, պատգամավորներից Ռուբեն Ռուբինյանը հայտնի ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի որդին է, հոխորտացող Ծովինար Վարդանյանը հայտնի գեներալ Գևորգ Վարդանյանի (Ժոկո) աղջիկն է… որ մեկի տակը փորում ես՝ դուրս է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի ցինիկ դեմքը: Եկեք՝ դադարենք ձևականություններ անել և ընդգծենք մի բան՝ հիմնադիր նախկիններն են վերադարձել, և ռևանշը եղել է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս