Բաժիններ՝

«45 հիվանդի համար տալիս էին 4 զուգարանի թուղթ, կես լիտր ժավել». ԲԿ նախկին աշխատակցի ահազանգի հետքերով

168.am-ի խմբագրություն էին զանգահարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Ավան» կլինիկայի մի քանի նախկին աշխատակիցներ: Նրանց պնդմամբ՝ իրենց աշխատանքից ազատել են մտացածին հիմքերով:

«Անցյալ տարի մարտից այդ կենտրոնում սկսել եմ աշխատել՝ որպես մայրապետ: Բացի այն, որ աշխատանքը ծանր էր, ավագ բուժքույրը՝ Նունեն, ամեն օր ստորացուցիչ խոսքերով ու գոռոցներով էր լրացնում մեր օրը: Ավագ տնտեսուհի Լուսինեն տնտեսական միջոցներ չէր տալիս, բայց մաքրություն էր պահանջում. նոր անկողիններ չկային. Ամբողջը՝ պատառոտված և հնամաշ, 45 հիվանդի համար տալիս էին 4 զուգարանի թուղթ, կես լիտր ժավել։

Մենք չենք թերացել հիվանդների հարցում, եղել են գիշերներ, որ մայրապետներն ու բուժքույրերն ամբողջ գիշեր նստել են հիվանդի կողքին, որպեսզի նրանք հանկարծ թթվածնի դիմակները չհանեն: Թող մեծամիտ չհնչի՝ առանց մեր խնամքի և ուշադրության՝ հիվանդը ոտքի չի կանգնի։ Այդ ամբողջ թիմային աշխատանքն անտեսում են։ Ու վերջում ինձ աշխատանքից հեռացրին, որովհետև ես իբր ֆորմայով նստել եմ ավտոբուս, ինչն իրականությանը չի համապատասխանում»,- պատմեց մեզ դիմած քաղաքացիներից մեկը:

Բժշկական կենտրոնում մայրապետ աշխատած տիկինը հիշեց նաև, որ հունիսին պարտադրել են «հանել բժշկական գրքույկներ». իրենց տարել են Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկա, վճարել են 9000-ական դրամ, սակայն ավելի ուշ պարզել են, որ այդ գրքույկներն այլևս պիտանի չեն:

Ի դեպ, աշխատակիցները նշեցին, որ թե՛ այդ կլինիկայում, թե՛ նախկինում աշխատած կլինիկաներում աշխատել են պայմանագրային հիմունքներով:

Հարցին, թե ինչո՞ւ է հիմա բարձրաձայնում խնդիրների մասին՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ ծանոթացել է Նորքի Ինֆեկցիոնի աշխատակիցների մասին մեր հրապարակումներին և հենց դրա համար է որոշել այդ անարդարության մասին խոսել:

Քանի որ մեր զրուցակիցները չէին ցանկացել ներկայանալ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից մեզ հետ զրույցում կոնկրետ աշխատակիցների հեռացման պատճառներին չանդրադարձան, միայն հիշեցրին, որ հաշվի առնելով համավարակի ընթացքը, այսինքն՝ որոշակի աճի և նվազման միտումները՝ համագործակցությունը պայմանագրային աշխատակիցների հետ մեկնարկում և ավարտվում են:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին covid-ի շատ մեծ ալիք դեռ չկա, և աշխատողների մեծ ռեսուրսի կարիք էլ դեռ չկա, դրանով պայմանավորված՝ որոշ ժամանակով դադարեցվում են իրենց հետ աշխատանքները»,- մանրամասնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Աիդա Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս