Գերմանիայի աջակցությամբ ՀՀ ԱՆ-ին փոխանցվել են բժշկական սարքեր

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքերի հանձնման արարողությունը: ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, EPIC ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Շնորհակալություն այս նախագծի համար. մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները հնարավոր են հաղթահարել, եթե բոլորս համախմբված շարժվենք մեկ ուղղությամբ: Այս համավարակը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը կենտրոնացրել է առողջապահական համակարգի վրա, մասնավորապես` ինչ ուղղություններով պետք է ամրապնդենք ոլորտը, որպեսզի կարողանանք մեր բնակչությանը, երկրի քաղաքացիներին պաշտպանել նման իրավիճակներում։ Այս նախագիծը կծառայի մեր համակարգի ամրապնդմանը թե՛ կանխարգելման, թե՛ բուժման առումով»,- ողջունելով ներկաներին` ընդգծել է Անահիտ Ավանեսյանը:

Վիկտոր Ռիխտերը շեշտել է նախաձեռնության կարևորությունը, հավելել, որ COVID-19-ի հետևանքով մարդկությունը բախվել է մի մեծ մարտահրավերի հետ, որն ազդում է տնտեսական, սոցիալական բոլոր ասպեկտների վրա, հատկապես տեսանելի է դրա բացասական ազդեցությունն առողջապահական համակարգերի վրա։

«Համավարակի տարածումն իր բացասական ազդեցությունն է թողնում բնակչության տնտեսական և սոցիալական կյանքի որակի վրա։ Այդ ազդեցությունը հատկապես զգում են բնակչության խոցելի խմբերը: Հուսով ենք, որ այս բժշկական սարքերը կօգնեն առաջնագծում գտնվող մասնագետների աշխատանքը թեթևացնելուն, ինչպես նաև ծառայություններն ավելի հասանելի դարձնելուն, այդ թվում` տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի համար», – նշել է դեսպանը:

«Առողջապահական ոլորտում սոցիալ-տնտեսական անհավասարություններն արդեն իսկ զգալի էին մինչև համավարակի տարածումը, սակայն պետք է նշել, որ համավարակն ավելի է խորացրել առողջական, սոցիալական և տնտեսական անհավասարությունները, հատկապես բնակչության խոցելի խմբերի շրջանակում: Մենք հույս ունենք, որ այս նախաձեռնությունն իր նպատակին կծառայի և ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել Գերմանիայի դեսպանատանը և ՀՀ առողջապահության նախարարությանը՝ սերտ համագործակցելու համար», – ասել է ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:

Տեսանյութեր

Լրահոս