Բաժիններ՝

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնում ընտրվեց Ավետիս Ծատուրյանը

Ս.թ. հունվարի 31-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ավետիս Ծատուրյանը, ով մինչ այժմ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Ավետիս Ծատուրյանը ծնվել է 1985 թ-ին, Աբովյան քաղաքում: 2006 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեղագործական քիմիայի բաժինը: 2010 թ-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն, որտեղ էլ կայացել է որպես գիտնական: 2019-2021 թթ-ին զբաղեցրել է կենտրոնի ինովացիոն և ընդհանուր հարցերի գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2021 թ-ի հուլիսից կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն էր:

Ավետիս Ծատուրյանը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի գիտական խորհրդի և Կենսատեխնոլոգիական հայկական ասոցիացիայի անդամ է, դասավանդում է Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնում:

Ավետիս Ծատուրյանը քիմիական գիտությունների թեկնածու է, 25 գիտական հոդվածի հեղինակ: Զբաղվում է ժամանակակից վերլուծական հետազոտություններով, իրականացրել է տարբեր բնույթի կենսաբանորեն ակտիվ միացությունների կառուցվածքային հետազոտություններ, որակական քանակական անալիզներ՝ ժամանակակից անալիտիկ սարքավորումներով:

Ավետիս Ծատուրյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի գիտակազմակերպական գործունեության ծրագիրը, որի իրականացման շրջանակներում նախատեսվում են հիմնարար հետազոտություններ մանրէաբանության, մոլեկուլային կենսաբանության, գենոմիկայի/մետագենոմիկայի, կենսաճարտարագիտության, կենսասինթեզի և կենսակատալիզի բնագավառներում, կիրառական հետազոտություններ և տեխնոլոգիաների մշակում արդյունաբերական կենսատեխնոլոգիայի, կանաչ քիմիայի, կենսաերկրատեխնոլոգիայի, կենսավերականգնման, դեղապատրաստուկների արտադրության, ագրոկենսատեխնոլոգիայի և ֆունկցիոնալ սննդի բնագավառներում:

Նա նաև ներկայացրեց կենտրոնի ձեռքբերումներն իր ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես՝ փորձաարտադրական կայանի և լաբորատոր տարածքների վերանորոգման աշխատանքներ, նոր պրոբիոտիկ հատկություններով օժտված «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելման պետական գրանցում, համագործակցության հուշագիր Արցախի գիտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի միջև, Արցախում «Նարինե Պլյուս» կենսապատրաստուկի արտադրության կազմակերպման աջակցություն, միջազգային գիտաժողովի և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպում:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց. «Ավետիս Ծատուրյանն ապացուցել է, որ կազմակերպված կառավարիչ է: Կենտրոնում իր գործունեության ընթացքում նա կարողացել է կարգավորել բոլոր հարցերը բարձր մակարդակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս