Քենիայում 13 մարդ է զոհվել մայրուղում ինքնաշեն սարքի պայթյունից. The Standard
Հունվարի 31-ին Քենիայի հյուսիս – արեւելքում առնվազն 13 մարդ է զոհվել, երբ երթուղային տաքսին, մայրուղում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքից: Այդ մասին հայտնել է քենիական The Standard թերթը: Թերթի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան Արաբիա – Մանդերա ավտոմայրուղում՝ Սոմալիի հետ սահմանի մերձակայքում:
Սկսվել է հետաքննություն: Իշխանություններն արդեն հայտարարել են, որ պայթյունի կազմակերպման մեջ կասկածում են սոմալիական «Աշ Շաբաբ» խմբավորմանը: 2004 թվականին ստեղծված իսլամիստական «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը փորձում է իր գործունեությունը տարածել Քենիայի հյուսիս – արեւելյան շրջաններում: Վերջին տարիներին ահաբեկիչները Սոմալիի հարավից արտագրոհներ են կատարում Քենիայի տարածք՝ հարձակվելով ոստիկանների, զինվորականների եւ ուսուցիչների վրա: Նրանք նաեւ պայթեցնում են բջջային կապի կայմերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: