Բաժիններ՝

«Մեր կառավարությունը ոչինչ չի անում, ես իրենց զգուշացնում եմ՝ 2-3 ամիս հետո արդեն շատ ուշ կլինի». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ահազանգում է՝ նախորդ տարվա համեմատ պարարտանյութի գները մոտավորապես 3 անգամ բարձրացել են, հետևաբար՝ այդ թանկացումը գարնանը նոր աղետ է բերելու։

«Մեր կառավարությունը ոչինչ չի անում, հիմա ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, բոլոր գործերը մի կողմ թողնի, իր կադրերին, որ այստեղ-այնտեղ նշանակում է՝ մոռանա և զբաղվի գյուղատնտեսությամբ։ Այսօր գյուղացին պարարտանյութ ձեռք բերելու համար սուբսիդավորման կարիք ունի։ Ես իրենց զգուշացնում եմ՝ 2-3 ամիս հետո արդեն շատ ուշ կլինի»,- 168.amի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ պարարտանյութի թանկացման նման պայմաններում կպակասեն մշակովի բույսերի տարածքները, նույնիսկ, եթե ցանքատարածություններն էլ չպակասեն՝ բարձր բերքատվություն չի լինի։

«Այսօր մեկ պարկ պարարտանյութը 17-20 հազար դրամ է դարձել՝ 6500 դրամի փոխարեն։ Պարտանյութի հումքը բնական գազն է, գազի միջազգային գները թանկացել են, այդ գինն էլ ազդել է պարարտանյութի գների վրա, հատկապես՝ ազոտականինը։ Իսկ առանց ազոտական պարարտանյութի գյուղատնտեսություն չի լինում։ Կառավարությունն այստեղ ու այնտեղ գումարներ շաղ տալով ու մեքենաներ գնելով, լավ կլիներ, որ գումար հատկացներ պարտանյութ սուբսիդավորելու համար»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի ղեկավարած նախարարությունում է ներառվել նաև Գյուղատնտեսության նախարարությունը, գյուղոլորտից կիլոմետրերով հեռու է։

«Ես չգիտեմ էլ, թե Վահան Քերոբյանն ինչ մասնագետ է, ըստ շրջանառվող լուրերի, նրա ղեկավարած բոլոր ոլորտները փակվել են, թե նրան ով է այդ պաշտոնում երաշխավորել՝ դժվար է ասել, պետք է Նիկոլ Փաշինյանին հարցնել։ Չգիտեմ, գուցե լավ նվիրված մարդ է, լավ համբուրվել կամ չոքել գիտի, կամ սողալ, վերջին երկուսը, կարծում եմ՝ նրա մոտ լավ է ստացվում, չգիտեմ՝ նրա ո՞ր մասնագիտական հմտությունն են հաշվի առել, որ պաշտոնի են նշանակել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է կարտոֆիլի գներին, Հրաչ Բերբերյանը նկատեց, որ առաջիկայում դժվար թե գների բարձրացում լինի, գուցե որոշ չափով նվազում լինի, սակայն չի լինելու այն գինը, որը կար 2-3 տարի առաջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս