
«Ես ի՞նչ է, արժանի չե՞մ պատժամիջոցների». Լավրովը կատակով է արձագանքել իր դեմ պատժամիջոցների մասին հարցին

Եթե Վաշինգտոնը որոշի գործի դնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների այն նոր փաթեթը, որն առաջարկում են կիրառել ամերիկյան գործիչները, դա հավասարազոր կլինի երկկողմ հարաբերությունների խզմանը: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի մեկնաբան Ռոման Բաբայանի հարցին:
Բաբայանի այն հարցադրմանը, որ վերջին շրջանում Վաշինգտոնից անընդհատ լսում են հայտարարություններ Ռուսաստանի ողջ ղեկավարության, այդ թվում նախագահի, նույնիսկ արտգործնախարարի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, Լավրովը կատակով արձագանքել է. «Ի՞նչ է նշանակում «նույնիսկ»: Ես ի՞նչ է, արժանի չե՞մ [պատժամիջոցների]»:
Հունվարի 25-ին Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ ֆինանսական այն պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում, ավելի ծանր են լինելու, քան 2014-ի պատժամիջոցներն էին: