
Լուկաշենկոն նշել է իր հրաժարականի պայմանը

Բելառուսում նախագահական ընտրությունները կարող են չեղարկվել միայն պատերազմի դեպքում։ Մնացած դեպքերում դրանք կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետում։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Բելթա գործակալությունը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ նոր ընտրությունների անցկացման հարցը կախված կլինի երկրի եւ արտաքին սահմանների իրավիճակից։ «Եթե նրանք (արեւմտյան երկրները) մեզ պատերազմ պարտադրեն, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը։ Ո՞ւր պետք է գնամ։ Ես ավտոմատ կվերցնեմ եւ անհրաժեշտության դեպքում առջեւից կգնամ»,- ասել է Լուկաշենկոն։
Միաժամանակ նա ընդգծել է, որ մնացած բոլոր դեպքերում «ցանկացած պահի» կարող է լքել պաշտոնը։ Իր հրաժարականի հիմնական պայմանը նա անվանել է «ժողովրդի խաղաղ կյանքն» ու դրա զարգացումը։
Նա հավելել է, որ երկու անընդմեջ ժամկետը «բավարար» է համարում նախագահի համար։ Այս պայմանը, ըստ նրա, ամրագրվելու է երկրի նոր Սահմանադրությամբ։ «Սա շատ ծանր բեռ է»,- ասել է նախագահը։