Որքանո՞վ են արդյունավետ եւ անվտանգ կորոնավիրուսի դեմ խթանիչ պատվաստանյութերը

Կորոնավիրուսի դեմ երեք դեղանյութերից (որոնք ստացել են FDA-ի թույլտվությունը ծայրահեղ դեպքերում օգտագործվելու համար) ցանկացածի լրացուցիչ խթանիչ դեղաչափը անվտանգ է եւ առաջ է բերում պահանջվող իմունային պատասխանը։ Սա, ըստ News.am–ի՝ հաստատել են ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտների գիտնականները, որոնք հրապարակել են իրենց հետազոտությունների նախնական արդյունքները The New England Journal of Medicine-ում։

Հետազոտությանը մասնակցել է 458 մարդ, որոնք պատվաստվել էին հետազոտությունն սկսվելուց 12 շաբաթ առաջ եւ որոնց մոտ կորոնավիրուսային վարակ չէր ախտորոշվել։ Յուրաքանչյուր կամավոր ներարկվել է երեք պատվաստանյութերից մեկի (Janssen/Johnson & Johnson՝ 150 մարդ, Moderna՝ 154, Pfizer-BioNTech՝ 154) մեկ խթանիչ դեղաչափով։

Բոլոր մասնակիցները օրագրեր են պահել՝ գրանցելով ցանկացած կողմնակի էֆեկտ։ Փորձարկվողների կեսից ավելին տեղեկացրել է գլխացավի, պատվաստման տեղի ցավի, մկանային ցավերի եւ տկարության մասին խթանիչ դեղաչափի պատվաստումից հետո։ Ավելի լուրջ անցանկալի երեւույթներ՝ պատվաստման հետ կապված, չեն գրանցվել։

Հետազոտությունը ցույց է տվել, որ առաջնային եւ խթանիչ պատվաստման բոլոր համադրումները բարձրացրել են չեզոքացնող հակամարմինների մակարդակը (4,2-76 անգամ ավելի բարձր մինչեւ խթանիչ դեղաչափ ստանալը)։ Կապակցող հակամարմինների մակարդակը բարձրացել է 4,6-56 անգամ։ Առաջինի տարբերվող խթանիչ դեղաչափի ներարկումը նույնպես առաջ է բերել նման եւ անգամ ավելի բարձր իմունային պատասխան նույն պատվաստանյութի (որով արվել են առաջին երկու ներարկումները) խթանիչի համեմատ։

Արդյունքներն ընդգրկում են իմունագենության տվյալները վերապատվաստումից հետո առաջին 29 օրվա ընթացքում։ Հետազոտողները նախատեսում են շարունակել հետեւել փորձարկվողներին մեկ տարի՝ գնահատելու համար խթանիչների ազդեցությունը երկարատեւ իմունային ռեակցիաների վրա։

Տեսանյութեր

Լրահոս