Արցախյան առաջին պատերազմի առաջին կին հրամանատարն օգնության կարիք ունի
«Հայոց բանակի պահեստազորի փոխգնդապետ, Արցախյան առաջին պատերազմի առաջին կին հրամանատար, բազմաթիվ վիրավոր մարտիկների կռվի դաշտից դուրս հանած, չարդախլեցի Անահիտ Մարտիրոսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Անհրաժեշտ է շտապ բժշկական միջամտություն»,- այս մասին ահազանգում են նրա հարազատներն ու ընկերները՝ ակնկալելով աջակցություն:
«Ապրելով Բաքվում, ամեն օր սարսափելի դեպքերի մասին լսելով ու ականատես լինելով, ամուսնու, 5 և 3 տարեկան որդիների հետ որոշում են վերցնել երեխաներին ու գալ Հայաստան։
1989 թ. հոկտեմբերի 27-ին առավոտյան ճանապարհ են ընկնում, երկու թաղամաս էլ չեն անցել իրենց շենքից, երբ վայրի ավազակախումբը, որի մեջ իրենց հարևանի տղան էլ է լինում, կտրում են նրանց ճանապարհը, երկու որդիների և իր աչքի առաջ գլխատում ամուսնուն՝ Վիկտորին։ Անահիտը և որդիները հրաշքով փրկվում են, հասնում Հայաստան: Տարիներ անց՝ մարտի դաշտում, Անահիտին վիճակվել է կրկին հանդիպել ամուսնուն կյանքից զրկողին և լուծել վրեժը…»,- մեզ հետ զրույցում պատմեցին ընկերները:
Նրանց փոխանցմամբ՝ Անահիտ Մարտիրոսյանը 1991թ. հոկտեմբերին տղաներին թողել է ծնողների մոտ ու մեկնել առաջնագիծ՝ որպես բուժքույր:
«Մարաղայից հետո եկել էինք Երևան: Նորքի հիվանդանոցում պառկած էին մարտի դաշտից իմ դուրս բերած տղաները: Մորս հանդիպեցի՝ ասաց. «Արի քո երեխեքին պահի, ես չեմ պահելու»:
Նրան տարա հիվանդանոց՝ տղերքի մոտ, ասացի՝ տղաների հետ խոսելուց հետո ինձ կասես՝ գնա՞մ, թե՞ մնամ: Տղերքը, մորս տեսնելով, սկսեցին ձեռքերը համբուրել ու շնորհակալություն հայտնել՝ ասելով, թե իրենց կյանքն եմ փրկել: Մայրս դուրս եկավ, սրբեց արցունքներն ու ասաց․ «Ես քո երեխեքին կպահեմ: Գնա՛: Դու իրանց պետք ես»:
Էդպես երեխաներս էլ իմացան, որ իրենց մայրը պատերազմ է գնացել: Մարաղայից հետո, երբ ապաքինվեցին մարտի դաշտից փրկածս 13 տղաները, ստեղծվեց «Անահիտ» ջոկատը, որը ենթարկվում էր Արկադի Տեր-Թադևոսյանին: Պարգև Սրբազանը մեզ կցեց նաև Ռուսաստանից եկած «Սուրբ խաչի» 14 նվիրյալների խմբին, որոնք եկել էին հայերի հետ միասին կռվելու:
Այդպես ստեղծվեց մեր հետախուզական ջոկատը: Մարաղան առաջին գյուղն էր, որտեղ կռվեցի: Մարաղայից հետո նորմալ մնալն անհնար էր: Սարսափ ֆիլմերից ավելի ահավորը ես իրականում եմ տեսել. Գերեվարված, բռնաբարված ու մորթատանջ արված դիակներ, 6 ամսական եփած հայ երեխեք եմ տեսել, մեծ կանանց կտրած գլուխներ. ո՞րը պատմեմ, ո՞նց պատմեմ…
Մարաղան, ասես, Սումգայիթի ու Բաքվի շարունակությունը լիներ: Գիտեք՝ պատերազմ եմ գնացել մի ցավով, բայց պատերազմի ընթացքում էնքան բան եմ տեսել ու էնքան բան կորցրել, որ հիմա վստահ եմ՝ դրանց անհնար է ներել»,- հարցազրույցներում նշել է Անահիտ Մարտիրոսյանը:
Ստորև տիկին Անահիտի դստեր` Մարտիրոսյան Մարիամի՝ ՎՏԲ բանկում բացված հաշվեհամարներն են.
Ռուբլի-16079010288503
Եվրո-16079010288502
Դոլար-16079010288501
Դրամ-16079010288500