«Մենք պարտք ենք իրենց արյամբ մեր հողը սրբացրած հայ զինվորին, հայոց մայրերին․․․»․ «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ, որում ասված է․
«Հայոց Բանակը երեսուն տարեկան է։ Մեր բանակի ծնունդը ժամանակի հրամայականն էր․ այն ձևավորվեց ազատագրական պայքարի բովում, կոփվեց ու կայացավ՝ պաշտպանելով մեր նորանկախ պետականությունը, երաշխավորելով մեր անվտանգությունն ու արձանագրելով հաղթանակներ։
Անցնող երեսուն տարիներին մեր բանակը վայելել է համայն հայության սերն ու ակնածանքը, արժանապատվությամբ ու հպարտությամբ ամրացրել մեր հավաքական ոգին։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայոց բանակը, լինելով մեր անկախ պետականության անբաժան մասը, անցնում է փորձությունների միջով, դիմագրավում ծանր մարտահրավերներ։ Մեր պետության խոցված մեջքն անկարելի է շտկել առանց կազմակերպած ու մարտունակ բանակի։
Մենք հավատում ենք, որ միասին վերակերտելու ենք մեր բանակի ոգին ու մարտունակությունը, արժանապատիվ խաղաղություն ենք հաստատելու մեր հայրենիքում, անառիկ ենք պահելու մեր սահմանը։ Մենք պարտք ենք իրենց արյամբ մեր հողը սրբացրած հայ զինվորին, հայոց մայրերին և պատասխանատու սերունդների առջև։ Հայոց պետականության զորացմանը պիտի լծվենք ազգովին, միասնական կամքով ու վճռականությամբ։
Տոնդ շնորհավոր, Հայոց Բանակ։ Փա’ռք մեր հերոսներին, հայ սպային, հայ զինվորին։ Մենք միասին կերտելու ենք նոր հաղթանակներ», – նշված է հայտարարության մեջ։