«Իշխանությունից որևէ պաշտոնի առաջարկ չի արվել, որ պատկերացնեմ կամ չպատկերացնեմ, թե այս իշխանության հետ որևէ պաշտոն կզբաղեցնե՞մ». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր «Եռաբլուր» այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ լուրերին, որ ՀՀ նախագահի պաշտոնում իշխանություններն առաջադրելու են իր թեկնածությունը։

«Այս մասին արդեն խոսել եմ։ Կարծում եմ՝ քանի դեռ ՀՀ նախագահի հրաժարականն ընդունված չէ, Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահն է, այսօր էլ Բանակի օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել։ Հետևաբար՝ անլուրջ է առհասարակ նման քննարկումներ իրականացնել։ Մյուս կողմից էլ՝ շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր ինձ անընդհատ տեսնում են բարձր պաշտոններում։ Չգիտեմ, թե քանի թափուր պաշտոն եղավ, որ իմ անունն այնտեղ շոշափեցին՝ էլ մարդու իրավունքների պաշտպան, հեղափոխությունից հետո՝ Գլխավոր դատախազ, հիմա էլ՝ ՀՀ նախագահ, շնորհակալ եմ, որ ինձ տեսնում են մարդիկ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Նրա փոխանցմամբ՝ նման քննարկում ու առաջարկ չի եղել, չէր էլ կարող լինել, քանի դեռ ՀՀ նախագահի լիազորությունները դադարեցված չեն։

«Կարծում եմ՝ իշխանությունն այս պահին այդ հարցը չի էլ քննարկել։ Անլուրջ է քննարկել հարցը, թե եթե առաջարկ լինի, կընդունե՞մ, թե՞  ոչ։ Ինձ իշխանությունից որևէ պաշտոնի առաջարկ չի արվել, որ պատկերացնեմ կամ չպատկերացնեմ, թե այս իշխանության հետ որևէ պաշտոն կզբաղեցնե՞մ։ Սա ընդհանրապես սխալ քննարկում է, ես ինձ միշտ խորհրդարանում էի տեսնում, հիմա ընտրությունների արդյունքներով խորհրդարանում չենք, բայց սա չի նշանակում, որ չենք ծառայում մեր երկրին։ Հիմա, անպայման պետք է ինչ-որ պաշտոնի լինենք, որ ծառայե՞նք մեր երկրին։ Հիմա էլ մեր բոլոր կապերն օգտագործում ենք տարբեր միջազգային հարթակներում, հիմա ես ավելի շատ արտաքին քաղաքական հարթակներում եմ ներգրավված, քան ներքաղաքական»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս