Կրեմլից պատասխանել են Էրդողանին․ Պուտինը կայցելի Թուրքիա, հենց թույլ տա համաճարակային իրադրությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու առաջարկից, երբ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Անդրադառնալով Էրդողանի կատարած հայտարարությանն առ այն, որ Ռուսաստանի նախագահին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին՝ Պեսկովը մասնավորապես ասել է․
«Այո, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»։
Նա նշել է, որ այժմ որոշակի դադար է թե՛ միջկառավարական հանձնաժողովի, թե՛ երկու նախագահների գլխավորած երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի աշխատանքներում: Հավելել է, որ Էրդողանն ասել է, որ ինքը պատրաստ է այդ բոլոր միջոցառումներն անցկացնել Թուրքիայում։
«Նախագահ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը»,– ընդգծել է Պեսկովը: