COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում հասել է 362,5 միլիոնի
COVID-19 կորոնավիրուսով ախտահարման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 27-ի առավոտվա դրությամբ հասել է 362 միլիոն 467 հազար 496-ի: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 626 հազար 855 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 72 միլիոն 910 հազար 136 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 876 հազար 65-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 40 միլիոն 371 հազար 500-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 491 հազար 700 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 24 միլիոն 560 հազար 93 հիվանդացած, նրանցից մահացել է 624 հազար 717 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 27-ի առավոտվա դրությամբ կազմել է 724,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2690, Հնդկաստանում՝ 351, Բրազիլիայում՝ 2906 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: