Ըստ թուրք իմամի՝ Ստամբուլում տեղացած ձյունը Ալլահի պատասխանն է քաղաքապետ Իմամօղլուին
Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) նախկին գլխավոր իմամ (մահմեդական հոգևորական), Մարմարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Մեհմեդ Բոյնուքալընի՝ Twitter-ում արած գրառումը քննարկումների առարկա է դարձել Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Սուրբ Ադեմին և մեր մայր Հավվային ուղղված վիրավորանքը պաշտպանողին Ալլահը ձյունով է պատժում»,-նշել է նա իր գրառման մեջ՝ ակնակրելով, թե Ստամբուլ քաղաքում տեղացած ձյունն Ալլահի պատասխանն է ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Բանն այն է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն օրերս պաշտպանել էր թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուին, որը քննադատությունների թիրախում էր հայտնվել։ Նա իր «Şahane bir şey yaşamak» երգում կիրառել էր՝ «Բարև տարե՛ք այն տգետ Հավվային (Եվա) և Ադեմին (Ադամ)» արտահայտությունը, ինչը դիտարկվելով որպես կրոնին ուղղված վիրավորանք, կոշտ քննադատության էր արժանացել ընդհուպ մինչև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։