Վերբալ ծառայություններ Ալիևին
Հայաստանի իշխանության, դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի գործողությունները, հրապարակային հայտարարությունները վաղուց արդեն դուրս են պրոֆեսիոնալիզմի կամ ոչ պրոֆեսիոնալիզմի, կոմպետենտության կամ ոչ կոմպետենտության տիրույթներից․ դրանք առաջին հերթին ենթակա են մեղսունակության ստուգման։
Երբ ընդամենը մեկ տարի առաջ պատերազմում պարտություն կրած, հազարավոր զոհեր տված ու օկուպացված տարածքներ ունեցող պետության ղեկավարը շարունակաբար հրապարակավ հանդես է գալիս այդ ամենի հեղինակ, թշնամական պետության ու դրա նախագահի պաշտպանության դիրքերից, դա դուրս է ոչ միայն ոչ պարզագույն քաղաքական տրամաբանության, այլ անգամ մարդկային բանականության ու բարոյականության շրջանակներից։
Բայց խնդիրը միայն առաջին հայացքից է գտնվում մեղսունակության հարթությունում։ Որովհետև եթե գործ ունենայինք իշխանության անհատական ու հավաքական մեղսունակության խնդրի հետ, ապա դա պետք է վերաբերեր նաև այլ հարցերի ու ոլորտների։ Մինչդեռ բոլոր այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է սեփական դիրքերի ամրապնդմանը, պարգևավճարներին ու կոռուպցիոն այլ դրսևորումներին, քաղաքական ընդդիմախոսների հետապնդումներին՝ գործող իշխանությունը ոչ միայն չափից ավելի մեղսունակ է, այլև վարվում է առավել քան հաշվենկատ, հաշվարկված ու կշռադատված։
Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանասպասարկ հայտարարությունները անմեղսունակությանը վերագրելն ինքնին անմեղսունակություն է․ իրականում բոլոր այդ հայտարարությունները չափից ավելի մտածված են, հաշվարկված և կշռադատված։ Իսկ դա նշանակում է, որ հայր և որդի Ալիևների փաստաբանությամբ Նիկոլ Փաշինյանը զբաղվում է ոչ թե անմտորեն, էմոցիոնալ ինչ-ինչ ազդեցությունների ներքո, այլ խիստ հաշվենկատորեն, ինչից բխում է նաև, որ այդ հարցում նա ունի շատ որոշակի շահեր, ու ոչ միայն այն պատճառով, որ երբևէ ոչինչ չի արել առանց սեփական շահի։
Հետևաբար՝ Ալիևի պաշտպանությունը բխում է ոչ միայն հենց Ալիևի, այլ նաև Նիկոլ Փաշինյանի շահերից։ Այսինքն՝ որքան էլ հակատրամաբանական է ու նողկալի, Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի, Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի շահերը նույնական են և համընկնում են։
Հարցը՝ այդ շահը մոնետիզացվո՞ւմ է, թե՞ արտահայտվում է քաղաքական դրսևորմամբ, երկրորդական է։ Շատ ավելի կարևոր է արձանագրումը, որ Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է անձ, ով առաջնորդվում է Հայաստանին պարտության մատնած ու Արցախի մեծ մասը օկուպացրած պետության շահով։ Քիչ թե շատ առողջ հասարակությունում այս իրողությունն անխուսափելիորեն կհանգեցներ հանրային հուզումների, ընդվզումների, ամեն ինչի, բայց ոչ՝ անտարբերության։
Բայց հայ հասարակությունը լեթարգիական հանգստությամբ հետևում է սեփական պետությունը թշնամուն մատաղ անելու սույն ակտին, որը մատաղ անողին էլ ավելի մեծ վստահություն է ներշնչում իր հակապետական բոլոր գործողություններում հղում անելու «ժողովրդի տված պողպատե մանդատին»։ Սա ավելի է մեծացնում Նիկոլ Փաշինյանի ծառայությունների գինն Ալիևի առաջ․նա, փաստորեն, Հայաստանի շահերը ոտնատակ է տալիս ոչ միայն անձամբ իր ու իր իշխանության, այլև «պողպատե մանդատ տված ժողովրդի» անունից։ Դա հավանաբար ենթադրում է ծառայությունների դիմաց վճարման այլ գնացուցակ, որը գուցե զետեղված կլինի Ալիևի անձնական նոթատետրում՝ ծախսերի բաժնում, «Հայաստանի համար վճարվել է…» գլխագրի տակ։
Ռոբերտ Տեր–Սարգսյան