Սիրում եմ ուշադրությունից դուրս մնացած մարդկանց մասին ֆիլմերը. Արիան Ասկարիդ
Օրերս Հայաստանում հյուրընկալվել էր ֆրանսիացի դերասանուհի, սցենարիստ, «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմի սցենարի համահեղինակ, Արիան Ասկարիդը` ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի կինը։ Տասնօրյա այցի շրջանակում դերասանուհին հանդիպել է նաև Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի (ԵՄԱՊՔ) ուսանողների հետ։
«Տաղանդն աշխատանքի 90 տոկոսն է. պետք է շատ աշխատել, շատ ֆիլմեր դիտել ու գրքեր կարդալ»,- ֆրանսիացի դերասանուհին ԵՄԱՊՔ-ի «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» մասնագիտության ուսանողների հետ հարց ու պատասխանի ձևաչափով կայացած հանդիպմանն այս խորհուրդներն է տվել և կիսվել կինոյում, թատրոնում ու սցենարական ոլորտում ունեցած իր հարուստ փորձով և վարպետությամբ։
«Տարիներ առաջ, երբ ամուսնուս՝ Ռոբեր Գեդիկյանի հետ նկարահանում էինք «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը, մեզ հարցնում էին՝ ինչո՞ւ ենք այս թաղամասը նկարահանում, այն գեղեցիկ չէ, բայց մեզ համար կարևոր էր ոչ թե գեղեցիկ թաղամասեր նկարելը, այլ այն վայրերը, որտեղ կյանք կա։ Սիրում եմ այնպիսի ֆիլմեր, որոնք պատմում են ուշադրությունից դուրս մնացած մարդկանց մասին։ Դուք էլ կարող եք այս սկզբունքով առաջնորդվել»,- հորդորել է դերասանուհին։
Ասկարիդը Հայաստանում էր ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանի նախաձեռնած «Դրամատիկական արվեստանոց» ծրագրի շրջանակում, իսկ ԵՄԱՊՔ է այցելել «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ։
Անդրադառնալով հայազգի լեգենդ, շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ դերասանուհին նշել է. «Ազնավուրը հիանալի արտիստ էր, այն ամենը, ինչ արել է Հայաստանի համար, ուղղակի հրաշալի է։ Եվ վերջապես, նրա շնորհիվ է, որ մենք այսօր հնարավորություն ունեցանք հանդիպելու:- Ուրախությամբ արձանագրել է դերասանուհին ու հավելել:-Ինքներդ եղեք ձեր ճակատագրի տերը, համեստ մի եղեք, այլ եղեք համառ, բարձրաձայնեք այն մասին, ինչը կարևոր եք համարում։ Խոսեք ձեր ժամանակի, ձեր իրականության միջից, ինչն արտաքին աշխարհին հնարավորություն կտա հասկանալու այսօրվա Հայաստանը։ Պետք է բոլորին ցույց տաք, որ դուք կաք, գոյություն ունեք, որ ունեք սիրտ, որը շատ ուժեղ է բաբախում։ Ֆրանսիայում սիրում են հայկական ավանդական պարերը, բայց չէ՞ որ դուք ամբողջ օրը «Քոչարի» չեք պարում, դուք ձեր մասին պատմելու շատ բան ունեք: Օրինակ՝ այն ամենի մասին, ինչ հիմա է տեղի ունենում. ինչպիսին են ձեր երիտասարդությունը, ձեր վերաբերմունքը աշխարհին, ձեր ցանկությունները, մտքերը… Այսօր ձեր երկիրը ձեր խոսքի, մտքի կարիքն ունի։ Շառլ Ազնավուրը հենց դա կուզեր»։
Մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը ուսանողների հետ բացառիկ հանդիպման ու մասնագիտական հարուստ փորձով կիսվելու համար շնորհակալություն է հայտնել դերասանուհուն: «Մեր քոլեջը մի ընտանիք է, որտեղ արվեստի տարբեր ոլորտներում կրթություն է ստանում 650 ուսանող։ Վստահ եմ՝ Հայաստանում կա լուրջ երիտասարդ սերունդ, որն ունի հսկայական մշակութային պոտենցիալ։ Մենք ճանապարհներ կգտնենք այդ պոտենցիալը իրողություն դարձնելու համար։ Իսկ վերածնունդ անպայման ապրելու ենք, ես վստահ եմ։ Այնպես որ, բարի գալուստ մեր տուն, մեր դռները միշտ բաց են»,- ընդգծել է Կիրակոսյանը։
Հանդիպման ավարտին քոլեջի արական երգչախումբն ա կապելլա տարբերակով կատարել է «Գոզալս խռովել է» և «Հորովել» ստեղծագործությունները: