«Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Զինված ուժերի վերականգնումն ու արդիականացումն այլընտրանք չունի, սակայն խնդիրն այն է, որ իրականում նման գործընթաց տեղի չի ունենում։

«Հետպատերազմական իրավիճակի մեր կարևոր խնդիրը, կարևոր երկու խնդիրներից մեկը Զինված ուժերի վերականգնումն էր, որովհետև տարածքային ու մարդկային կորուստներից բացի՝ մենք ունեցել ենք հսկայական սպառազինության, զինամթերքի կորուստներ, որոնք պետք է վերականգնել։ Երկրորդը՝ նոր իրավիճակ է ստեղծվել մեր շուրջ՝ և՛ պաշտպանական, և՛ առհասարակ անվտանգային առումով։ Այս իրավիճակում պետք է անխուսափելիորեն գնալ Զինված ուժերի արդիականացման։ Բայց մենք ունենք իրավիճակ, երբ նոյեմբերի 9-ից հետո իրար հետևից կարճ ժամանակում փոփոխված Պաշտպանության բոլոր նախարարները հայտարարեցին, որ մշակվում է ԶՈւ բարեփոխումների հայեցակարգ, որի հիման վրա պետք է տեղի ունենար այդ գործընթացը։ Մեկ տարուց ավելի է անցել՝ որևէ հայեցակարգ չկա։ Այսինքն՝ մի կողմից՝ ունենք ԶՈւ բարեփոխումների խնդիր, բայց իրականության մեջ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում այդ բարեփոխումների իրականացման համար»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ նշեց Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է ունենալ պրոֆեսիոնալ բանակ։

Զինված ուժերի թեմայի համատեքստում Տիգրան Աբրահամայանը նաև շեշտեց, որ 2021 թվականի ընթացքում սահմանագծում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքներից, գերեվարման դեպքերից բացի, ԶՈւ-ում եղել են ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում մահացած զինծառայողներ, այսինքն՝ ոչ մարտական կորուստներ։

«ԱԺ այս քառօրյայի ընթացքում պարզվեց, որ Պաշտպանության նախարարը չի տիրապետում, թե 2021 թվականի ընթացքում Զինված ուժերում որքան մարտական կորուստներ են եղել։ Նախորդ տարի նոյեմբերին մենք ունեցել ենք անհետացած պայմանագրային զինծառայող, որի վերաբերյալ պաշտպանական գերատեսչությունը որևէ տեղեկություն չի հաղորդել և ամեն ինչ անում է, որպեսզի նման դեպքերը որևէ ձևով չհանրայնացվեն։ Զինված ուժերում կան հարցեր, որոնք բաց քննարկման որևէ հնարավորություն չպետք է տան, կան թեմաներ, որոնք իրականության մեջ չպետք է հանրայնացնել։ Բայց իշխանությունը փորձում է օգտվել անվտանգությանը վերաբերող որոշ հարցերի գաղտնիության գործոնից, ամբողջությամբ փակել համակարգը։ Սա խնդիր է ոչ միայն հասարակության, այլև զինծառայողների ու նրանց ընտանիքների համար»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ասուլիսին, որտեղ նա անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին, Տիգրան Աբրահամյանը նկատեց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է  հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը։ Նրա բոլոր հայտարարությունների, նպատակների հիմքում դրված է այդ դրդապատճառը։ Իր վերջին բոլոր հայտարարությունները որևէ ձևով չեն համապատասխանում իրականությանը կամ աղճատված են»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս