Ի՞նչ ավտոմեքենա է սպասարկել Ռուբեն Ռուբինյանին Քըլըչի հետ հանդիպման գնալիս. պարզաբանում են ՀՀ ԱԳՆ-ից
Հունվարի 14-ին Մոսկվայում կայացած Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման աղմկահարույց դրվագներից մեկը ՀՀ դրոշի բացակայությունն էր Ռուբեն Ռուբինյանին սպասարկող մեքենայից:
Ինչպես հայտնի է, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն հանդիպման էր ժամանել ավտոմեքենայով, որի վրա ամրացված էր Թուրքիայի դրոշը, իսկ ՀՀ հատուկ ներկայացուցչի ավտոմեքենայից ՀՀ դրոշը բացակայում էր, որը չափազանց բացասական արձագանքներ ստացավ հայ-թուրքական մեկնարկող խնդրահարույց ու բարդ գործընթացի շրջանակում:
Ինքը՝ հատուկ ներկայացուցիչը՝ Ռուբեն Ռուբինյանը, այս հարցում խնդիր չի տեսնում, ավելին՝ նա դա պարզապես տեխնիկական հարց է որակում, որն էլ ցույց է տալիս ԱԺ-ում այս հարցով ծավալված քննարկումների մակարդակը:
Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին, Ռուբեն Ռուբինյանն ասել էր.
«Հա, ասում եք՝ ինչո՞ւ է մեքենան դրոշով եղել: Մեր քննարկումների մակարդակը էլի… Պատասխանեմ, որովհետև մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում նաև երկու հատուկ ներկայացուցիչներն ունեցել են երկկողմ հանդիպումներ ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոյի հետ, և որին, որքանով որ ես եմ տեղյակ, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի հետ, և այն մեքենան Թուրքիայի դրոշով, որ Դուք տեսել եք, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեսպանի մեքենան է»:
Այս պատասխանից անմիջապես հետո՝ հունվարի 17-ի կեսօրին, ՀՀ ԱԳՆ հարց էինք ուղղել հետևյալ բովանդակությամբ.
«Ինչո՞ւ էր Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը ՀՀ ներկայացուցիչը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն ուղևորվել առանց ՀՀ պետական դրոշի ավտոմեքենայի վրա: Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ-ում պարզաբանեց, թե ինչու թուրքական պատվիրակության մեքենայի վրա կար Թուրքիայի դրոշ, և չպարզաբանեց, թե ինչու հայկական պատվիրակությանը սպասարկող ավտոմեքենաների վրա չկար ամրացված ՀՀ պետական դրոշը: Խնդրում ենք պարզաբանել այս հարցը, հաշվի առնելով նաև հարցի հանրային մեծ հնչեղությունը: Ռուբեն Ռուբինյանին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ավտոմեքենանե՞ր չէին սպասարկում»:
Այսօր՝ հունվարի 24-ի կեսօրին՝ հունվարի 21-ին ստորագրված պատասխանում այս հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որը ներկայացնում ենք ուղիղ.
«Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման ընթացքում ՀՀ հատուկ ներկայացուցչին սպասարկող մեքենայի վրա ՀՀ դրոշի բացակայության վերաբերյալ հարցադրմանը, ապա հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է ամրացվել Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա՝ միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգին համապատասխան, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների փոխադրամիջոցների վրա՝ ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:
ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը պարոն Ռուբինյանը հանդիպման վայր է ժամանել ոչ թե ՌԴ-ում ՀՀ դեսպանի ավտոմեքենայով, որի վրա օրենքով և ընդունող երկրի արարողակարգին համապատասխան ամրացվում է դրոշը, այլ նրան սպասարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մեկ ուրիշ ավտոմեքենա: Իսկ, ինչպես նշել է պարոն Ռուբինյանը, իր տեղեկություններով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը հանդիպման վայր է ժամանել ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին սպասարկող ավտոմեքենայով՝ մեկ այլ հանդիպումից, որի ընթացքում նրան ուղեկցել է Թուրքիայի դեսպանը»: