«Զինվորականը կադրային քաղաքականության մեջ կարող էր չկատարել Կառավարության պահանջները, որոնք անհիմն են». Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, նկատեց՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառները կարող են տարբեր լինել:

«Սահմանազատման ու սահմանագծման հիմնախնդիրների շուրջ մենք բավականին լուրջ քննարկումներ ենք կատարել և ասել ենք, որ այդ գործընթացը սկսելու համար մենք պայմաններ չունենք: Պայմաններից՝ խաղաղությունն է, հակառակորդի  տարածքային ամբողջականության ճանաչումն է, որը լուրջ հարված է լինելու Արցախի Հանրապետությանը: Հակառակորդն այսօր իրեն չի դրսևորում՝ որպես հարևան, որը ձգտում է խաղաղ պայմաններում ապրելու մեզ հետ: Հակառակը, նրանց հռետորաբանությունը և կոնկրետ գործողությունները խոսում են այն մասին, որ նրանք շարունակում են ճնշման տակ պահել ՀՀ սահմանները և իշխանություններին»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Միաժամանակ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ տեղյակ չէ՝ Արմեն Սարգսյանն ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու համա՞ր է հրաժարական տվել, թե՞ ոչ, այս մասին պարզաբանումներ պետք է տան իշխանությունները:

«Ոչ միայն Արմեն Սարգսյանը, այլև ՀՀ յուրաքանչյուր պաշտոնատար անձ, ով պատասխանատվություն է կրում այս իրականության համար, ընդ որում, «Հայաստան» հիմնադրամի գումարների համար պետք է պատասխանատվություն կրի: Գոյություն ունի նաև ԱԺ քննիչ հանձնաժողով, այն իր եզրակացությունը կանի: Իհարկե, այնտեղ կլինեն առաջարկներ և պահանջներ»,- շեշտեց Ս. Օհանյանը:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ գոնե երկու ուղղությամբ Արմեն Սարգսյանն իր պարտականությունները չի կատարել:

«Օրինակ, զինվորականը կադրային քաղաքականության մեջ կարող էր Կառավարության կողմից չկատարել այն պահանջները, որոնք անհիմն են: Օրինակի համար՝ պաշտոնի նշանակեր գեներալի, իսկ երեք ամիս հետո այդ պաշտոնից ազատեր, առանց որևէ պատճառի: Մի քանի պաշտպանության նախարարների պաշտոնից ազատելը, այն էլ՝ այս դժվարին իրավիճակում: Կամ դեռ պատերազմի հանգամանքները չուսումնասիրած, պատասխանատու պաշտոնատար անձանց շնորհել գեներալի կոչումներ»,- ասաց նա:

Անդրադառնալով սահմանների հետ կապված հարցերին, Սեյրան Օհանյանն ասաց, որ մինչև հիմա ընդդիմության կատարած աշխատանքի արդյունքում է, որ այդ գործընթացներն արագ ընթացք չեն ստանում:

Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնում շրջանառվող թեկնածուների անուններին, մասնավորապես՝ Էդմոն Մարուքյանին և Արարատ Միրզոյանին, Սեյրան Օհանյանն ասաց, որ որևէ բան չի կարող ասել, քանի որ տեղեկություն չունի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս