«Կարող են լինել նոր փաստաթղթեր, որից նա խուսափում է». Սեյրան Օհանյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ դաշինքում կքննարկեն ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:

«Այս վերջին ժամանակահատվածում նախագահական ինստիտուտի գործունեությունը չեմ կարող համադրել մեր պետականության ամրապնդման և դրա շուրջ ընթացող որևէ գործընթացի հետ և չեմ կարող ասել, որ ՀՀ նախագահական ինստիտուտը որևէ մի գործունեություն է ծավալել: Ցավում եմ, որ Արմեն Սարգսյանն իր հրաժարականը տվել է դրսից, չգիտեմ՝ ինչն է պատճառը եղել, կարծեմ՝ ինքը որևէ առողջական խնդիր չունի, ինքը պետք է բացատրի դրա մասին: Բայց այսօրվա մեր Սահմանադրությունը թույլ է տալիս, որպեսզի հանրապետության գլուխն իր պարտականությունները կատարի: Եթե ինքն ապացուցելու ինչ-որ խնդիր ունի՝ վերաբերող հայ ժողովրդի ապագային, պետք է լինի այստեղ և շարունակի իր գործունեությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի կարծիքով՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում վերջին տարիների ընթացքում, նաև ՀՀ նախագահի անգործունեության և նրա լուռ համաձայնության արդյունքն են:

«Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը՝ իր կարողություններով, գիտելիքներով, հնարավորություն ուներ ուսումնասիրելու մեր Սահմանադրությունը և իր պարտականությունները կատարելու: Սա նշանակում է, որ կամ նրանք ունեցել են պայմանավորվածություններ՝ ներկայիս իշխանությունների հետ, կամ առերևույթ կարող է պատահել, որ ճնշումներ են եղել, կամ էլ ինքն իր պարտականությունները պարզապես չի կատարել և թերացել է: Ինչ վերաբերում է նրա հրաժարական տալուն, և աշխարհաքաղաքական ու ներքաղաքական պայմաններ կարո՞ղ են լինել, կարող են լինել նոր փաստաթղթեր, որից նա խուսափում է»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս