Էդմոն Մարուքյա՞նը, թե՞ Արարատ Միրզոյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, հունվարի 23-ին՝ կիրակի երեկոյան, գտնվելով Լոնդոնում, հայտարարություն տարածեց՝ որոշել է հրաժարական տալ նախագահի պաշտոնից:
Հիշեցնենք, 25 տարի առաջ այս օրերին ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրապարակեց իր հրաժարականի տեքստը:
Այսօր Ա. Սարգսյանի այդ հայտարարությունից հետո, մինչ շատերը սոցիալական ցանցերում փորձում էին գլխի ընկնել, թե ի՞նչն է մինչև վերջերս էլ գլոբալ ինչ-որ նախագծերի մասին ելույթներ ունեցող նախագահի հրաժարականի բուն պատճառը, ֆեյսբուքում որոշ շրջանակներ, որպես ՀՀ նախագահի թեկնածու, ակտիվորեն շրջանառում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի անունը: Վերջինս կարծես դեմ չէ:
Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին ֆեյսբուքյան գրառում էր արել նաև այս պահին ԱՄՆ-ում գտնվող Էդմոն Մարուքյանը: Նրա գրառման մեկնաբանություններում օգտատերերից մեկը գրել էր, որ նախագահի պաշտոնում տեսնում է հենց Մարուքյանին, ինչին ի պատասխան, Մարուքյանը գրել է՝ «Դե ուրեմն կառաջադրվեմ»:
168.am-ը Էդմոն Մարուքյանին խդրեց մեկնաբանել հետևյալ հարցը՝ արդյոք նախագահ դառնալու առաջարկ ստացե՞լ է, հատկապես իր թիմակիցներն ինչո՞ւ են ակտիվ շրջանառում իր լուսանկարը:
Ի պատասխան Էդմոն Մարուքյանը նախ ֆեյսբուքյան հաղորդագրությամբ մեր ուղղած հարցին ի պատասխան ասաց, որ ժամանակը գա` կխոսի, այնուհետև գրեց, որ այս ամենին այժմ չի կարող արձագանքել:
Նշենք նաև, որ ԼՀԿ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքում կիսվել էր Էդմոն Մարուքյանի լուսանկարով և կից գրել, որ երկրում ստեղծված այս իրավիճիկում միայն Էդմոն Մարուքյանը կարող է ստանձնել նախագահի պաշտոնը:
Հետաքրքիրն այն է, որ այս պաշտոնի նկատմամբ լուրջ հետաքրքրություն ունի այս պահին ՀՀ արտգործնախարարի աթոռը զբաղեցնող Արարատ Միրզոյանը: