
Հրայր Դանիելյանը զոհվել է Հադրութի պաշտպանության ընթացքում՝ անօդաչուի հարվածից

2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում մեր հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է Հրայր Դանիելյանը:
Հրայր Դանիելյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 22-ին, ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» բաժինը: Կիսատ թողնելով ուսումը` 2015թ. զորակոչվել է բանակ: Ժամկետային զինծառայության ընթացքում և ապրիլյան պատերազմում ցուցաբերած բարոյակամային բարձր հատկանիշների և խիզախության համար խրախուսվել է մի շարք պատվոգրերով ու կրծքանշաններով: Եղել է ավագ սերժանտ, հրետանավոր: 2020 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանը և անմիջապես աշխատանքի ընդունվել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնում` որպես օպերլիազոր: Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում։ Սեպտեմբերի 27-ից ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ միասին մասնակցել է հայրենիքի փրկության մարտերին: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Հադրութի պաշտպանության ընթացքում, անօդաչուի հարվածից: Արժանացել է «Արիության համար» մեդալի:
Փոխգնդապետ Մհեր Սարգսյանը մեծ հպարտությամբ, միևնույն ժամանակ, սրտի կսկիծով է խոսում հայրենասեր Հրայրի մասին:
«Բացի զինծառայողներին մարտական պատրաստակամության բարձր աստիճանի բերելուց, մենք նրանց դաստիարակում ենք նժդեհյան գաղափարախոսությամբ, հայրենի երկրի հանդեպ անգնահատելի նվիրվածությամբ: Այդպիսի զինվորների շարքին էր դասվում նաև Հրայրը: Այնքան շատ էր սիրում իր հայրենի Արցախը, որ պատրաստ եղավ իր կյանքը տալ սեփական երկրի սահմանների պահպանմանը: Նա իր ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել օրինակելի վարքով, հայ զինվորին բնորոշ խիզախությամբ և հայրենասիրությամբ», – «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Մ. Սարգսյանը:
Հրայրի գործընկեր և զինակից Արմեն Գրիգորյանի խոսքով՝ նրա մարդ տեսակը ստիպում էր կերպարն ընկալել բոլորովին այլ կերպ:
«Հիանում էի նրա խելամտությամբ, մտահղացումներով, անկեղծությամբ, ուներ պատասխանատվության բարձր զգացում, ընկերասեր էր: Պատերազմի օրերին շարունակում էի հիանալ նրանով, նրա հայրենասիությամբ, ազգասիրությամբ, անընդհատ մտահոգվում էր հայրենիքի ճակատագրով և փորձում էր իր ներդրումն ունենալ», – նշել է Ա. Գրիգորյանը: