Բաժիններ՝

«Երբ մարդկանց գրպանին կխփեն՝ կփոխվի․ կարծում եմ՝ ամեն մարդ էլ կարող է 240 դրամ տալ ու տոպրակ գնել». բնապահպան

Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները հունվարի 20-ից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: Հսկողությունը լինելու է ամենօրյա:

«Միկրոմետրով կատարվում են չափումներ: Եթե տոպրակի հաստությունը 50 միկրոնից ցածր է, ապա տնտեսվարողները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ենթարկվում են պատասխանատվության: Տուգանքի չափը 20.000-30.000 դրամ է»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Քաղաքացիները, սակայն, դժգոհում են՝ նշելով, որ արգելել են, սակայն այլընտրանք չկա, կտորից տոպրակների գները թանկ են:

Բնապահպան Սիլվա Ադամյանը համամիտ չէ, ասում է՝ հատկապես խոշոր սուպերմարկետները լուծել են խնդիրը. կտորից տոպրակներն արդեն վաճառվում են:

«Այո, սկզբում այլընտրանք չկար, որի մասին բազմաթիվ ելույթներ ենք ունեցել, իսկ հիմա խոշոր սուպերմարկետներում կարող եք տեսնել, թե ինչպես 240 դրամով վաճառվում են էկո տոպրակներ, որոնք տանում են մոտավորապես 10 կգ քաշ: Ականատես եմ եղել, որ մարդիկ նախընտրում են այս տոպրակները, որոնք կարող են մի քանի անգամ օգտագործել, և ոչ թե, ասենք, անգամ 50 միկրոնանոցները: Այսինքն, մեր սպառողը պատրաստ չէ 45 դրամ տալ և պոլիէթիլենային այդ տոպրակներից ամեն անգամ վերցնել: Արդեն թանկ են: Ինչ վերաբերում է կրպակներին և մանր առևտրի կենտրոններին, ապա դեռևս խնդիր կա՝ չեն վաճառվում կտորից տոպրակներ: Ու երբ մարդիկ գնում են մանր առևտրի կենտրոն՝ կանգնում են լուրջ խնդրի առջև: Ինքս գնել եմ 2 տոպրակ, որն ինձ երկար ժամանակ կծառայի: Կկարողանամ հանգիստ առևտուր անել նաև փոքր խանութներից: Մենք պետք է սրան սովորենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը:

Հարցին՝ արդյոք այս օրենքը մարդկանց մտածողությունը կփոխի՞, բնապահպանը պատասխանեց.

«Երբ մարդկանց գրպանին կխփեն՝ կփոխվի: Կարծում եմ՝ ամեն մարդ էլ կարող է 240 դրամ տալ ու տոպրակ գնել և երկար ժամանակ դա օգտագործել: Մենք պետք է սովորենք դրան, որովհետև այդպես շարունակել չի կարելի. աղբի տեսակավորումը մեզ մոտ չի ստացվում: Ճիշտ չի արվել և կանոնակարգված չէ: Հիմա գոնե այս պարագայում ու այս ձևով մենք կարող ենք խնդիրն ինչ-որ չափով լուծել: Բացի դրանից՝ շուկա են դուրս գալու արտադրողներ, ովքեր արտադրում են ցելոֆանե տոպրակներ, որոնք լուծվում են բնության մեջ: Դրսում դրանք վաղուց են կիրառվում: Կարծում եմ՝ փողոցային առևտրի դեպքում շուտով կանցնեն այդ տոպրակներին, որովհետև ավելի էժան են: Մեր հանրությունը պետք է սովորի, այլ կերպ շարունակել չի կարելի: Հայաստանը ողողված է պոլիէթիլենային տոպրակներով:  Երբ քամի է բարձրանում՝ ամբողջ հանրապետությունում ծառերին, թփերին պոլիէթիլենային տոպրակ է: Ուստի ճանապարհը մեկն է՝ պետք է կիրառումից դուրս գա»:

Սիլվա Ադամյանը հիշեցրեց՝ ժամանակին օգտագործել ենք նաև թղթե տոպրակներ, որոնք դուրս են եկել շրջանառությունից:

«Հիշում եմ, որ մրգերը, բանջարեղենը թղթե տոպրակներով էինք գնում: Արտասահմանում հիմա էլ է այդպես: Հիմա նաև խնդիր պետք է բարձրանա, որպեսզի թղթի ընդունման կետեր բացեն, խրախուսեն մարդկանց, որ թուղթը հանձնեն: Կվերամշակեն և կստանան թղթե տոպրակներ: Եթե նկատել եք՝ Հայաստանում շորի, կոշիկի մեծ խանութները հենց թղթե տոպրակներ են օգտագործում: Պետք է սրան սովորենք, որ մեր սերունդներն աղբի մեջ չմնան»,- նշեց բնապահպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս