«Փաշինյանին շատ վաղուց անվանում էի Լևոնի «զդաչի»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մանրադրամ». Արեգ Բարսեղյան
«Հասարակության այս բարոյալքումը սահմանագիծ չունի, քանի դեռ պետությունը չի զբաղվել դրանով: Պետությունը դա կարող է որևէ կերպ արգելակել. Դրա համար պետությունն իր ձեռքում ունի գործիքներ, որոնցից մեկը կրթությունն է, մյուսը՝ մշակույթը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց կրթության փորձագետ Արեգ Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ 4 տարվա ընթացքում պարզ է դարձել, թե այսօրվա իշխանություններին ինչպիսի հասարակություն է պետք. «Փողոցներում խորոված անող, տաշի-տուշի գոռացող սոված հասարակություն»:
Դիտարկմանը՝ եթե կառավարության ղեկավարը դրական ցուցիչ է համարում այն, որ ուսուցիչը դարձել է պարեկ, ապա հասարակությունից այլ պատկեր կարելի՞ է ակնկալել, նա արձագանքեց. «Խայտառակություն: Ես ներողություն եմ խնդրում, բայց էդ երևի այն նույն ուսուցիչներն են, որոնք ծնողների կամքից անկախ՝ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին երեխաներին դասից կտրում ու տանում էին դըմփ-դըմփ, հու՜ գոռալու: Այդ ուսուցիչները, այո, պետք է գնան պարեկ աշխատեն, պետք է իրենց օրը խաչմերուկում կանգնած երթևեկությունը կարգավորելով անցկացնեն, որովհետև այդ մարդիկ ոչ մի բարոյական և քաղաքացիական իրավունք չունեն՝ կրթությամբ զբաղվելու և սերունդ կրթելու: Իմ երեխային, առանց ինձ տեղեկացնելու՝ ասել, որ 2018թ. մայիսի 8-ին սպիտակ վերնաշապիկով կգաս դպրոց… դա ուսուցիչ չէ, դա քաղաքականությամբ զբաղվող մեկն է, որը նպաստել է մեր երկրի բարոյազրկմանը, մեր պետականության ոչնչացմանը»:
Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարած խաղաղության դարաշրջանին, նա նշեց, որ դա նոր թեզ չէ. «Հիշենք 1997թ. վերջին ՀՀ չարաբաստիկ առաջին նախագահի վերջին խոսքերը՝ նախագահի պաշտոնում՝ խաղաղության կուսակցությունը պարտվեց, պատերազմի կուսակցությունը հաղթեց: Այդ օրվանից սկսած, այսպես կոչված, խաղաղության խոսակցությունը բերած Թուրքիայի և Ադրբեջանի հարճերը տառապում էին ռևանշիզմի սինդրոմով, մինչև հասան հաջողության: Այդ ընթացքում ճանապարհին եղան տարբեր իրադարձություններ՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1, այլ իրադարձություններ, արյունահեղություններ, արդյունքում՝ 2018թ. մայիսի 8-ին Փաշինյանը ընտրվեց վարչապետ»:
Նկատեցինք՝ Առաջին նախագահը ակտիվ քննադատում է Նիկոլ Փաշինյանին:
«Դա ծիծաղելի է, որովհետև նրանք երկուսն էլ մի խմորից են պատրաստված: Ոչ հայերեն բառով ես Նիկոլ Փաշինյանին շատ վաղուց անվանում էի Լևոնի «զդաչի»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մանրադրամ: Լևոն Տեր-Պետրոսյանը շատ խելացի մարդ է, որպեսզի չքննադատի Նիկոլ Փաշինյանին, նա գիտի, որ իր քննադատությամբ կարող է իր կողմը շեղել հասարակության որոշ շերտի, որն այդքան էլ լավ չի ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին, լավ չի հիշում նրա կառավարման տարիները, և կարող են մտածել, թե Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգված է Արցախի կորստով»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում